Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանի վերջին հրաժեշտը օպերայի թատրոնում չի եղել

Ինչո՞ւ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանի վերջին հրաժեշտը օպերայի թատրոնում չի եղել

3
0

Հունիսի 16-ին կյանքից հեռացած  ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Նադեժդա Դավթյանի վերջին հրաժեշտը տեղի չի ունեցել օպերայի եւ բալետի թատրոնի շենքում, որտեղ երկար տարիներ  աշխատել էր տիկին Դավթյանը:

Ավանդույթի համաձայն՝ արվեստի վաստակավոր գործիչների վերջին հրաժեշտը  հիմնականում լինում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ինչպես, օրինակ, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանինը: Սակայն Նադեժդա Դավթյանի դեպքում, որը մեծ ավանդ ունի բալետի ասպարեզում, այդ պրակտիկան չի գործել:

Հիշեցնենք, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետի  պարողների վերջին հրաժեշտի կազմակերպելը ակտիվ քննարկվեց անցյալ տարի, երբ վթարի էր ենթարկվել բալետի երիտասարդ պարող Վահագն Մարգարյանը: Մշակույթի նախարարությունը պարզաբանել էր՝ հրաժեշտ  արարողությունը չի կարող օպերային թատրոնում լինել որոշակի ընթացակարգերի պատճառով, սակայն Մարգարյանի ընկերն այլ տեղեկություն էր  հայտնել՝ Վահագն Մարգարյանը ժողովրդական արտիստ չէ, որի պատճառով էլ մշակույթի նախարարությունը թույլ չէր տվել վերջին հրաժեշտն անցկացնել թատրոնում:

Araratnews.am-ը զանգահարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին՝ պարզաբանում լսելու: Նա, սակայն, ասաց, որ այդ հարցի հասցեատերը  նախարարությունը չէ. «Նախարարությունը  պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող կազմակերպություն է: Սգո արարողության ընթացակարգերը նախարարությունը չի որոշում»:

Փորձեցինք  պարզաբանում լսել  օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանից, սակայն ապարդյուն: Թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալաքյանն էլ մեզ հորդորեց հարցն ուղարկել գրավոր:

Հ.Գ. Մենք պատրաստ ենք լսելու պատկան մարմինների պարզաբանումն այս առնչությամբ:

Սոնա Դավթյան