Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Բժիշկ » Ինչպե՞ս է կատարվում հղիների հաշվառումը եւ ի՞նչ հետազոտություններ է անհրաժեշտ իրականացնել հղիության ընթացքում

    Ինչպե՞ս է կատարվում հղիների հաշվառումը եւ ի՞նչ հետազոտություններ է անհրաժեշտ իրականացնել հղիության ընթացքում

    Ինչպե՞ս է կատարվում հղիների հաշվառումը եւ ի՞նչ հետազոտություններ է անհրաժեշտ իրականացնել հղիության ընթացքում
    Փետրվար 2, 2018 18:13 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինչպե՞ս է կատարվում հղիության հաշվառման գործընթացը, ի՞նչ հետազոտություններ է անհրաժեշտ իրականացնել հղիության ընթացքում եւ ո՞րն է դրանց նպատակը: NEWS.am Medicine-ի հարցերին պատասխանել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը:

    Գինեկոլոգը նշեց, որ համապատասխան թեստի միջոցով հղիությունը հաստատելուց հետո կինը պետք է դիմի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունք՝ հղիության ուլտրաձայնային հետազոտություն անցնելու, որպեսզի պտղաձվի ճիշտ տեղակայումը, զարգացումն ու սրտի բաբախը հաստատվի եւ ամրագրվի հղիության ընթացքի վերահսկումը: Կանանց կոնսուլտացիայում  հաշվառվելուց հետո հղին պետք է անցնի անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները՝ հղիության ապահով ընթացքն ապահովելու եւ առողջ նորածին լույս աշխարհ բերելու նպատակով:

    Ստորեւ ներկայացնում ենք լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների ծավալներն ըստ եռամսյակների, նախատեսված բարձր եւ ցածր ռիսկի խմբի հղիների համար:

    Առաջին եռամսյակում՝ 11-14 շաբաթական հղիության ընթացքում, կինը պետք է անցնի առաջին կարեւոր սկրինինգային հետազոտությունը, որի նպատակն է բացահայտել հնարավոր քրոմոսոմային անոմալիաների գերձայնային նշանները, իսկ շեղումների դեպքում անցնել բիոքիմիական հետազոտություն՝ քրոմոսոմային անոմալիաների ռիսկերը հաշվարկելու նպատակով: Այս ժամանակահատվածում իրականացվող անհրաժեշտ միջամտություններն են՝ հղիների ուլտրաձայնային հետազոտությունը, արյան ընդհանուր հետազոտությունը, արյան խմբի եւ ռեզուս-գործոնի որոշումը, հեշտոցային քսուքի հետազոտությունը, մեզի ընդհանուր հետազոտությունը, գլյուկոզան, միզանյութը, բիլիռուբինը, կոագուլոգրամման, հեպատիտ B եւ C, սիֆիլիս-ը, Միավ/ Ձիահ-ը, թերապեւտի խորհրդատվությունը, ԷԿԳ-ն եւ, իհարկե, նեղ մասնագետի անվճար խորհրդատվությունը:

    Երկրորդ եռամսյակում, որն է՝ 18-22 շաբաթական հղիության ընթացքը, կինը պետք է անցնի երկրորդ կարեւոր սկրինինգային հետազոտությունը, որի նպատակը պտղի կառուցվածքի մանրակրկիտ հետազոտությունն է եւ հնարավոր արատների զարգացման վաղաժամ հայտնաբերումը:

    Այս ժամանակահատվածում իրականացվող անհրաժեշտ միջամտություններն են՝ ՈՒՁՀ, իսկ 30 շաբաթում`կրկնակի լաբորատոր հետազոտություններից արյան ընդհանուր հետազոտությունը, մեզի ընդհանուր հետազոտությունը, հեշտոցային քսուքի հետազոտությունը, գլյուկոզան, միզանյութը, կոագուլոգրամման, սիֆիլիսը եւ բժիշկ-թերապեւտի խորհրդատվությունը: Դոպլեր հետազոտությունը ցուցված է 26-30 շաբաթական հղիության ընթացքում, որի նպատակը արգանդ-պլացենտար եւ պտղի անոթներում արյան հոսքի ցուցանիշների որոշումն է:

    Երրորդ եռամսյակում՝ 32-34 շաբաթական հղիության ժամկետում, իրականացվում է երրորդ ՈՒՁՀ սկրինինգային հետազոտությունը, որի նպատակն է ստանալ տեղեկություններ պտղի քաշի, դիրքի, պտղաջրերի քանակի, պլացենտայի վիճակի մասին եւ, իհարկե, պատրաստվել սպասվող ծննդալուծմանը: Այս ժամանակահատվածում  իրականացվող անհրաժեշտ միջամտություններն են՝ ՈՒՁՀ, ԿՏԳ, արյան ընդհանուր հետազոտությունը եւ մեզի ընդհանուր հետազոտություն:

    Վերժինե Կասարջյանը նշեց նաեւ, որ  հղիության ողջ ընթացքում հղին այցելում է մանկաբարձ-գինեկոլոգին իրեն անհանգստացնող յուրաքանչյուր հարցով, որը կարող է լինել թե հոգեբանական աջակցության հետ կապված, թե հղիության եւ արտասեռական ախտաբանությունների: Մանկաբարձ-գինեկոլոգը նշեց նաեւ, որ ծննդատանը բոլոր հղիներին (ՀՀ քաղաքացի) տրամադրվում է անաշխատունակության թերթիկ եւ ծննդօգնության պետական հավաստագիր:

    «Հղիության ապահով ընթացք կազմակերպելու եւ առողջ նորածին լույս աշխարհ բերելու նպատակով անհրաժեշտ է ժամանակին այցելել բժշկին ու իրականացնել թվարկված բոլոր լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները: Շատ կարեւոր է նաեւ ընտանիքում առողջ մթնոլորտի առկայությունը»:

    Բժիշկը վստահեցնում է, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ապագա մայրիկներն իրենց հարմարավետ միջավայրում զգան: Ծննդատունը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով եւ, իհարկե, տրամադրվող երեքանգամյա լիարժեք սնունդ:

    «Մեզ մոտ հաշվառվող յուրաքանչյուր կին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու այն բժշկին, ով կվարի նրա հղիության ողջ ընթացքը մինչեւ ծննդաբերություն եւ հետծննդաբերական շրջան: Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները խստորեն հետեւում են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին՝ հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը»,-իր խոսքը եզրափակեց Վերժինե Կասարջանը:

    Հիշեցնենք նաեւ, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երեւան քաղաքում բնակվող եւ ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:

    Նման թեմաներ

    scroll to top