Գլխավոր Լուրեր Ինչպե՞ս պաշտպանվել աղիքային վարակներից

Ինչպե՞ս պաշտպանվել աղիքային վարակներից

2
0

Աղիքային վարակների սեզոնն արդեն իսկ սկսվել է, սակայն հետևելով որոշակի կանոնների՝ հնարավոր է խուսափել դրանցից: Թեմայի շուրջ SHANTENWS.am-ը զրուցել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ:

 Աղիքային վարակները արձանագրվում են ողջ տարվա ընթացքում, սակայն դրանց բնորոշ է պարբերական ակտիվացում: Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղիքային վարակների ակտիվացումը կարելի է վերագրել մայիս ամսից մինչ նոյեմբեր ամիսը ներառյալ.
«Այս պահի դրությամբ այն հիվանդացությունը, որ դիտարկվում է ՀՀ-ում, եթե համեմատենք նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, կարող ենք նշել, որ վիճակը համահունչ է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ»:

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետի խոսքով՝ աղիքային վարակների մեջ կարող են լինել վիրուսներ, մանրէներ, դիզենտերիա: Նա նշեց, որ ՀՀ-ում բոլոր վիրուսները և մանրէները հետազոտվում են:

Աղիքային վարակների նախանշաններն են՝ ցավեր որովայնի շրջանում, լուծ, ջերմություն, փսխումներ, թուլություն. նման ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկական օգնության և չօգտագործել հակաբիոտիկներ:

Աղիքային վարակների տարածմանը նպաստում է շոգը, այդ իսկ պատճառով հարկավոր է ապահովել պատշաճ ջերմաստիճանային պայմաններ:

Ինչպե՞ս պաշտպանվել աղիքային վարակներից

Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները պետք է հոսող ջրի տակ լավ լվանալ: Միրգը կամ բանջարեղենը պետք է մի քանի րոպե թողնել հոսող ջրի տակ, ոչ թե ցողել կամ հանել:

Կերակուրները պետք է փոքր  չափաբաժիններով պատրաստել, որպեսզի դրանք մեկ ամգամ օգտագործելուց հետո սպառվեն: Չի՛ կարելի պատրաստել ճաշ և այն 3 օր թողնել սեղանի վրա:

Բանջարեղենը և միսը կիսաֆաբրիկատ վիճակում պահելու համար, հարկավոր է կտրատել և պահել առանձին տարրաներով:

Պաղպաղակ և թարմ քամած հյութեր ընտրելիս խորհուրդ է տրվում խուսափել «լցնովի պաղպաղակներից», իսկ ֆրեշների դեպքում, եթե դրանք պատրաստվում են ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում, ապա պետք է խուսափել որևէ բան գնել նման վայրից:

Աղիքային վարակներից խուսափելու մեկ այլ գործոն է անհատական հիգիենան: Հարկավոր է ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով:

Լողավազաններ, ջրավազաններ այցելելիս պետք է ծնողներին հորդորել, որ երեխաների լողը թույլատրեն այն վայրերում, որոնք նախատեսված են լողի համար՝ ոչ թե դեկորատիվ ջրավազաններում: