Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ինչպես է որոշվում հաշմանդամության խումբը, եւ ինչ փոփոխություններ կլինեն համակարգում

    Ինչպես է որոշվում հաշմանդամության խումբը, եւ ինչ փոփոխություններ կլինեն համակարգում

    Ինչպես է որոշվում հաշմանդամության խումբը, եւ ինչ փոփոխություններ կլինեն  համակարգում
    Հոկտեմբեր 11, 2018 16:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ են դժգոհում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից (ԲՍՓՀ), որոնք երբեմն հաշմանդամության խումբ տրամադրելիս սուբյեկտիվ մոտեցում են դրսեւորում: Araratnews.am-ին դիմած քաղաքացիներն ասում  էին՝ ինչպե՞ս է ԲՍՓՀ-ն որոշում, օրինակ՝  ստորին եւ վերին վերջույթներն անդամահատված  հիվանդներին, ինֆարկտ,  ինսուլտ ունեցած հիվանդներին տալ հաշմանդամության 3-րդ, 2-րդ, թե՞ 1-ին խումբ:

    Երևան Տոնավաճառ

    Մարդու իրավունքների պաշտպանի  2017 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից հաշմանդամության խմբի սահմանման համար կիրառվող ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 780-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներն ունեն ընդհանուր ձևակերպում։

    ՄԻՊ-ն իր հաղորդման մեջ գրել էր, որ ընդհանուր ձեւակերպումները  լայն հնարավորություն են տալիս հանձնաժողովի անդամներին որոշում կայացնելիս երբեմն երկակի ստանդարտներ կիրառել:

    Ի՞նչ չափորոշիչներով են տրամադրում հաշմանդամության խումբը հատկապես վերին ու ստորին վերջույթներն անդամահատված քաղաքացիներին, արդյոք չկա՞ն  հաշմանդամության խմբի այնպիսի հստակ սկզբունքներ, որոնք իմանալով շահառուները կարող են  հաշմանդամության խումբ տրամադրող ԲՍՓՀ-ում  տեր կանգնել իրենց իրավունքներին:

    Խնդրի մասին  Araratnews.am-ը  զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հաշմանդամների հիմնահարցերով բաժնի պետ Աննա Հակոբյանի հետ: «Էդպես միանշանակ դժվար է ասել ու ճիշտ չէ: Հաշմանդամության խումբ սահմանելը կախված է հիվանդությունից, հիվանդության բարդությունից եւ հիվանդության՝ անձի  գործունեության  սահմանափակումից»,- ասաց տիկին Հակոբյանը:

    Ինչո՞ւ գոնե ստորին ու վերին վերջույթներն անդամահատված  քաղաքացիների  հաշմանդամության խումբը չի հստակեցվում: Չէ՞ որ, ինչպես  հիվանդներն են ասում, անդամահատված վերջույթը չի  վերականգնվելու, մինչդեռ  ամեն տարի  ԲՍՓՀ-ն  կանչում է հիվանդներին, բյուրոկրատական քաշքշուկների մեջ գցում նրանց:  Աննա Հակոբյանը համաձայն չէ, որ ԲՍՓՀ-ի այս գործելաոճը բյուրոկրատական քաշքշուկ է: «Չեմ ժխտում, որ ոլորտում խնդիրներ ունենք, բայց ասել՝ ամպուտացված հաշմանդամին պետք է անժամկետ հաշմանդամություն տալ, ճիշտ չէ: Որոշակի ժամանահատվածից հետո, երբ հաշմանդամություն ունեցողին  տվել ենք  նրան հատկացված ամբողջ  ծառայությունները, միգուցե ճիշտ է անժամկետ հաշմանդամություն տալ: Կամ կլինեն դեպքեր, երբ ճիշտ կլինի սահմանել անժամկետ հաշմանդամություն»,- պատասխանեց  նախարարության աշխատակիցը:

    Սակայն  ԲՍՓ գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանը 2015-ին ասել էր՝  անդամահատված   վերջույթով քաղաքացուն միանգամից տրվում է  հաշմանդամության 3-րդ խումբ:

    Մեր դիտարկմանը, թե շահառուները դժգոհում են նախարարության քաղաքականությունից, քանի որ  հաշմանդամություն ունեցող անձանց համար  նախատեսված ծրագիրը իրական կյանքում պրակտիկ չէ, անգամ զբաղվածության հարցն է բավական  դժվար լուծվում,  պաշտոնյան ասաց՝  հաշմանդամության ունեցող անձանց  համար ցանկացած որոշում ընդունելիս հաշվի են առնում հաշմանդամների խնդիրներով զբաղվողների  կարծիքը, մանրակրկիտ քննարկում ամեն ինչ: «Ուրիշ է՞լ ինչ կարող ենք անել՝ չեմ պատկերացնում»,- ասաց  Աննա Հակոբյանը, ապա  շարունակեց՝ նախարարությունը  հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում փոփոխություններ է  անում՝ մեթոդական ուղեցույցներ են մշակում, փաստաթղթային փորձաքննության մեխանիզմներ են ներդնում, բողոքարկման եռաստիճան համակարգ, որպեսզի քաղաքացին մինչեւ դատարան գնալը բողոքարկի ԲՍՓՀ-ի որոշումը:

    Ի դեպ, հաշմանդամների պրոթեզավորման գործընթացը եւս փոխվել է:  Քաղաքացուն 2019-ին տրվելու է հավաստագիր, որով նա  ընտրելու է՝ ո՛ր կազմակերպությանը դիմի պրոթեզավորման համար:

    Տեղեկացնենք, որ  կառավարության  N 780-Ն որոշմամբ սահմանվել են այն հիվանդությունները, որոնց դեպքում հաշմանդամությունը տրվում է անժամկետ, իսկ հաշմանդամ երեխա կարգավիճակը՝  մինչեւ 18 տարեկան դառնալը՝ 2 տարի դիտման պայմաններում:  Այսինքն՝ 2 տարի անց ներքոհիշյալ հիվանդություններ ունեցողներին տրվում է անժամկետ հաշմանդամություն, եթե  դրական դինամիկա չկա:

    ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    1. Զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով:

    2. Սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA:

    3. Թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ:

    4. Շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով`

    1) պրոլիֆերատիվ անգիոպաթիա  (ըստ մասնագետների՝ խոսքը բջիջների բազմացման  անոթախտության մասին  է)

    2) երիկամային անբավարարություն` 3-րդ փուլ (տերմինալ փուլ).

    3) սրտային անբավարարություն` 3-րդ փուլ.

    4) ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` չորրորդ փուլ (նեկրոտիկ փուլ).

    5) երրորդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ (նման հիվանդներին բնորոշ են աֆեկտիվ-կամային ոլորտի տարբեր խանգարումները):

    6. Չարորակ նորագոյացություններ արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով:

    7. Պատվաստված օրգաններ:

    8. Ստամոքսի լրիվ հեռացում:

    9. Մեկ թոքի բացակայություն:

    Սակայն կան հիվանդություններ, որոնց դեպքում հաշմանդամության խումբ տրվում է 4 տարուց հետո, եթե հիվանդի վիճակում դրական փոփոխություն չկա: Դրանք են՝

    1. Լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ:

    2. Լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով:

    3. Երիկամների խրոնիկ հիվանդություններ խրոնիկ երիկամային 3-րդ աստիճանի անբավարարությամբ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում:

    ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    1. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված սակավամտություն:

    2. Ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, մոնոպլեգիա):

    3. Գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ:

    Անժամկետ հաշմանդամություն տրվում է  4 տարուց հետո հետեւյալ հիվանդությունների համար:

    1. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական արտահայտված կայուն խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ):

    2. Գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումների մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պրոգրեսիվող փսիխոզով, թուլամտություն:

    3. Ժառանգական նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ (Դյուշենի կեղծ հիպերտրոֆիկ մկանային դիստրոֆիա, Վերդինգ-Հոֆֆմանի ողնաշարային ամիոտրոֆիա), պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ ցողունային, շարժողական ֆունկցիաների խանգարումով, մկանների ատրոֆիայով:

    4. Ողնուղեղի անոթային և վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներով:

    5. Պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն և տրոֆիկ խանգարումներով

    ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ

    1.Բուժման չենթարկվող միզային, կղանքային խուղակներ և ստոմաներ:

    2.Կոկորդի հեռացում:

    Ներքոհիշյալ հիվանդությունների դեպքում  անժամկետ հաշմանդամություն տրվում է 4 տարուց հետո

    1.Դաստակի չորս մատների անկիլոզ կամ խիստ արտահայտված կոնտրակտուրա ֆունկցիոնալ անհարմար դիրքում, շարժողական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:

    2. Արմնկային, սրունք-թաթային հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրա կամ անկիլոզ, ծայրանդամի և ոտնաթաթի արատավոր դիրքում հենաշարժական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:

    ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

    1. Երկու աչքի տեսողության սրության զգալի իջեցում` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով մինչև 0,03 կամ երկու աչքի կայուն և անվերադարձ փոփոխությունների հետևանքով տեսադաշտի (ծայրամասային ֆիքսման կետից) մինչև 10օ-ի նեղացում»:

    Ինչո՞ւ վերին ու ստորին  վերջույթներ անդամահատված հիվանդներին անժամկետ հաշմանդամության խումբ  չի տրվում, չէ՞ որ մարմնի այդ հատվածներն այլեւս վերականգնել հնարավոր չէ: «Այո՛, ճիշտ եք: Այս դեպքում պրոցեսն անդառնալի է: Սակայն  հաշմանդամության խմբերի՝ ծանրության աստիճանների համար  է  հաշմանդամությունը ժամկետով տրվում: Ինֆարկտի դեպքում, օրինակ՝ մարդու վիճակը շատ ավելի ծանր  կարող է լինել, բայց հետագայում բուժման ֆոնին վիճակը կարող է ավելի լավանալ, կայունանալ, մյուսի մոտ՝  վատանալ»,- ասաց ոլորտի պատասխանատուն:

    Աննա Հակոբյանի խոսքով՝ հաշմանդամության խումբ ունեցող յուրաքանչյուր հիվանդի համար անհատական վերականգնողական ծրագիր է սահմանվում. «Անժամկետ հաշմանդամություն  տալուց հետո մենք մարդուն այլեւս չենք տեսնում: Նա գնում է իր կենսաթոշակով: Ինչքանո՞վ է արդյունավետ ստանալ այդ կենսաթոշակը եւ չստանալ հաշմանդամություն ունեցող անձանց  համար  նախատեսված ծառայությունները: Մարդու կարիքն անընդհատ փոխվում է: Վաղը պրոթեզի կարիք ունի, մյուս օրը՝ հենակի կամ սայլակի, այսինքն՝ կարիքի գնահատումն ավելի ճիշտ է, քան մարդուն անժամկետ հաշմանդամություն սահմանելը»: 

    Նախարարությունը կարևորում է նաև հաշմանդամների կարիքների բազմակողմանի  գնահատումը, նրանց ինտեգրումը միջավայրին, նաև զբաղվածության խնդիրը լուծելը:

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունից Araratnews.am-ը տեղեկացավ՝ 2018-ի հունվար-օգոստոսին աշխատանքի է տեղավորվել 7715 աշխատանք փնտրող, որից 136-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Նրանցից 49-ն աշխատանք են գտել  զբաղվածության ծրագրերի միջոցով: 2017-ին աշխատանքի է տեղավորվել 5491 աշխատանք փնտրող, որից 110-ը՝ հաշմանդամություն ունեցող: Նրանցից 22-ը աշխատանք են գտել զբաղվածության ծրագրերով:

    «Հաշմանդամություն եւ ներառական զարգացում» ՀԿ ղեկավար Մուշեղ Հովսեփյանը Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց, որ  հաշմանդամության խմբի տրամադրման փոփոխության նախնական մոդելին ծանոթ է: Այն նման է Կիպրոսի մոդելին, բայց ավելի լավն է: «Նախնական մոդելում  մարդկանց միջամտությունը քիչ է: Համակարգն այնպիսին է, որ բժիշկներն ընտրվում են ավտոմատ, հետևաբար, նրանք հնարավորություն չունեն իմանալու՝ ովքեր են փորձաքննվողները: Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

    Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ  հաշմանդամության տրամադրման այս գործընթացը միտված է միայն կենսաթոշակ տալուն: Իսկ որտեղ կա ֆինանս, կան նաև կոռուպցիայի բարձր մակարդակ, սուբյեկտիվիզմ: «Ասել հստակ, որ այս հիվանդություն ունեցողին տրվում է հաշմանդամություն, հակասում է ԲՍՓՀ-ի համակարգին, քանի որ առողջական խնդիր ունենալը դեռ հաշմանդամություն չէ: ԲՍՓՀ-ն չի դիտարկում նաև քաղաքացու սոցիալական բաղադրիչը՝ մարդն ապրում է քաղաքում, մարզում, հարուստ է, աղքատ: Հիմա հստակ չէ, թե հաշմանդամության խումբը որ հիվանդություն ունեցողին պետք է տալ, հետևաբար դժվար է ասել՝ անդամահատվածին հաշմանդամության ի՛նչ խումբ է պետք: Բայց հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, անձի առողջական վիճակը, որ նա չի բուժվի,  ամպուտացվածների  համար խելամիտ լուծումն անժամկետ հաշմանդամություն սահմանելն է»,- ավարտեց իր խոսքը  ՀԿ-ի ղեկավարը:

    Սոնա Դավթյան


    scroll to top