Ուրբաթ , 21 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ինչպես են արձագանքում դատավորները Փաշինյանի կոչին

    Ինչպես են արձագանքում դատավորները Փաշինյանի կոչին

    Ինչպես են արձագանքում դատավորները Փաշինյանի կոչին
    Մայիս 20, 2019 14:42 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձ հղեց դատավորներին դատական համակարգի բարեփոխման համար: Araratnews.am-ը զանգահարեց մի քանի դատավորների՝ նրանց կարծիքը լսելու:

    Դատավոր Արթուր Մկրտչյան

    արթուր մկրտչյան

    Պարո՛ն Մկրտչյան, ձեր արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

    Ես ամեն ինչը ճիշտ եմ համարում:

    Պատրա՞ստ եք աշխատանքից ազատման դիմում գրել, եթե դա կնպաստի դատական համակարգի առողջացմանը:

    Անպայման: Բայց ես գտնում եմ, որ իմ աշխատանքով եղել եմ միշտ օրենքի, օրինականության եւ արդարության շրջանակներում:

    Շարունակելո՞ւ եք աշխատել:

    Ես չեմ գտնում, որ դրա հիմքերը կան:

    Դատարանների մուտքերն ու ելքերը փակելու գործընթացը համարում եք  սահմանադրական կարգի տապալում եւ անօրինականությո՞ւն, ինչպես  ասում են  ոմանք:

    Ո՛չ:

     Ինչպե՞ս կհիմնավորեք իրավական տեսանկյունից:

    Լավ, ես հիմա նիստի եմ մտնում, հետո կզանգեք, կխոսենք:

    Դատավոր Ռուբեն Ափինյան

    ռուբեն ափինյան

    Պարո՛ն Ափինյան,  արձագանքե՛ք, խնդրում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ուղղված դատավորներին: 

    Չեմ ուզում մեկնաբանել, հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց  գնահատում եմ ոչ դրական:

    Աշխատանքից ազատման դիմում գրելո՞ւ եք:

    Ոչ:

    Այսինքն՝ դուք դուրս եք այն շրջանակից, որի մասին խոսեց Փաշինյանը:

    Այո՛: Լավ, ես չեմ ուզում խոսել:

    Դատավոր Ռոբերտ Պապոյան

    ռոբերտ պապոյան

    Պարո՛ն Պապոյան, որպես դատավոր, խնդրում եմ մեկնաբանեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը:

    Դատավորներին ուղղված խոսքը պարզ էր, հասկանալի: Հետեւությունները պետք է անել:

    Աշխատանքից ազատման դիմում գրելո՞ւ եք:

    Ո՛չ, չեմ գրելու:  Այն, ինչ մատնանշվել է, նման ոչ մի բան չեմ արել, որ հրաժարական տամ:

    Դատական համակարգի առողջացման համար սա ճի՞շտ ուղերձ եք համարում:

    Ամեն դատավոր ինքը պետք է գնահատի իր աշխատանքը: Իրավասու չեմ տալու իմ կոլեգաների աշխատանքի գնահատականը: Լավ, ներողություն եմ խնդրում, աշխատանքն արդեն սկսվել է, չեմ կարող խոսել:

    Ի դեպ, փորձեցինք մարզերում աշխատող մի քանի դատավորներից եւս պարզաբանում լսել, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

    Սոնա Դավթյան


    scroll to top