Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից

    Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից

    Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից
    Մայիս 25, 2019 13:35 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

    «Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները չեն երաշխավորվում Բաքվի կողմից – բացատրում է պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնին:

    Ինչպես զանգվածային բոլոր երեւյույթները, այնպես էլ ֆուտբոլը դուրս է գալիս այն աշխարհի սահմաններից, որին նա պատկանում է ի սկզբանե- սպորտը- եւ էական ազդակ դառնում ֆինանսական, առեւտրական, երբեմն էլ քաղաքական շահերի համար: Եւ Կովկասը, այս առումով, այն տարածքն է դարձել այս օրերին, ուր ժամանակացույցի զարմանալի զուգադիպություններ են տեղի ունենում:

    Ոմանք, հավանաբար, հիշում են հայտնի «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ինչ որ պահի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցման որոշակի հույսեր էր արթնացրել: 2008 թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այցելել էր Երևան՝ հայաստանյան իշխանությունների նախաձեռնությամբ՝ ներկա գտնվելու համար Հայաստան-Թուրքիա խաղին, որում հաղթողը որակավորվելու էր Հարավային Աֆրիկայում 2010 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Իրադարձությունն անապագա հույս էր իրականում, քանի որ հարաբերությունների նորմալացման չհաջողված այդ փորձից 10 տարի անց Անկարան Հայաստանի հետ իր սահմանը փակ է պահում եւ առ այսօր չի ճանաչել Հայոց արդեն հարյուրամյա ցեղասպանությունը: 

    Ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի հանրապետությունում :

    Այսօր, սակայն, բոլոր հայացքները թեքվում են դեպի Ադրբեջան, որի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում : Բաքուն հյուրընկալելու է Եվրոպայի Լիգայի եզրափակիչ փուլը, որում մրցակցելու են երկու անգլիական ակումբներ՝ Չելսին եւ Արսենալը: Այս քննադատություններից որոշները, մասնավորապես ադրբեջանական մայրաքաղաքի հեռավորության վերաբերյալ, բավականաչափ հիմնավորված չեն: Իհարկե, Ադրբեջանն ավելի շուտ Կենտրոնական Ասիայում է, քան Եվրոպայում : Սակայն ինչպե՞ս չընդգրկել այս երկիրը ՈւԵՖԱ-ում, այն դեպքում, երբ դրա մաս են կազմում մինչեւ Վլադիվոստոկ հասնող Ռուսաստանը եւ Միջին Արեւելքում գտնվող Իսրայելը:

    Սակայն, շատ ավելի լեգիտիմ կլիներ քննադատել այս ընտրությունը ոչ թե մեզ՝ արտոնյալ Եվրոպացիներիս համար փոխադրման բարդությունների եսասեր պատճառաբանությամբ, այլ դաժան այն բռնապետության, որ այս երկիրը ներկայացնում է իր իսկ քաղաքացիների համար: Հիրավի՝ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքների բնագավառում իր գրեթե բոլոր  միջազգային հանձնառությունները, ինչը, կարծեք, խնդիր չի առաջացնում ՈւԵՖԱ-ի համար, որն ավելի մտահոգ է թվում ՍՈԿԱՐ-ին՝ ադրբեջանական նավթագազային ազգային ընկերությանը, իր հիմնական հովանավորների ցանկում պահելով, քան այս նկատառումով:

    Երբ ինքը՝ Եվրոպայի Խորհուրդը…

    Մինչդեռ, անարդարացի կլիներ քարկոծել ՈւԵՖԱ-ին միայն, այն դեպքում, երբ ինքը՝ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպություն, որը հավակնում է երաշխավորել Մարդու իրավունքների հարգումը Եվրոպայում, շարունակում է Կասպից ավազանի այս բռնակալ պետությանը իր կազմում պահել: Քանի որ ոչ հիմնարար ազատությունների հանդեպ զանգվածային ոտնձգությունները, ոչ էլ նույնիսկ  ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կիրառվող ռասիզմը բավականաչափ չեն անհանգստացնում ստրասբուրգյան մեծարելի այս հիմնարկության խղճի անդորրը: Եւ այս առումով Մխիթարյանի դեպքն ավելի քան ուսանելի է:

    Հենրիկ Մխիթարյանին՝ Արսենալի առաջատար ֆուտբոլիստներից մեկին, Բաքվում կայանալիք եզրափակիչին մասնակցելու հնարավորություն չի տրվում միակ այն պատճառով, որ նա Հայաստանի քաղաքացի է, ճիշտ այնպես, ինչպես նրան արդեն արգելվել է Ադրբեջան մուտք գործել 2016 թվականի Եվրոպայի Լիգայի միջանկյալ խմբակային խաղերին  մասնակցելու համար, երբ նա Բորուսիա Դորտմունդի առաջատարն էր: Ի դեպ, Մխիթարյանի դեպքն իր հետևում թաքցնում է շատ ավելի մեծ մի խտրականություն, քանի որ բազմաթիվ ֆուտբոլասերներ չեն կարող ներկա գտնվել եզրափակիչ այս խաղին՝ բացառապես իրենց հայկական ծագման պատճառով:

    Թե՛ Մխիթարյանին, թե՛ իր արվեստի սիրահարներին ի ուշադրություն այդ երկրի իշխանությունները պնդում են, թե իբրեւ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը՝ Ադրբեջանի եւ իր հարեւան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ եղած հակամարտության պատճառով: Ինչն, ի դեպ, այնքան էլ հակաճշմարտություն չէ, որը սակայն Ալիեւի կլանին ամենևին էլ չի ազատում պատասխանատվությունից,  քանի որ այն կրակամոլ հրշեջի նման տասնյակ տարիներ շարունակ բորբոքում է իրական կամ թվացյալ հայկականության հանդեպ ռասայական ատելության մոլեռանդ քաղաքականություն:

    Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է եւ ֆինանսապես հովանավորվել իր իսկ՝ Ալիեւի կողմից՝ նման «քաջագործության» համար: 

    Ռասիստ եւ ազատասպան

    Հիշեցնենք, որ պարտադիր չէ լինել միայն Հայաստանի քաղաքացի նման խտրականության զոհ դառնալու համար, այլ պատկանել հայկական «ռասայի», որը հեշտ ճանաչելի է իր ազգանվան «յան» վերջավորությամբ, ինչպես պարզ դարձավ վերջերս տեղի ունեցած միջադեպից թուրք մի լրագրողի հետ, եւ եթե այս ամենը խորապես տխուր չլիներ, ապա կարելի էր ի սրտե ծիծաղել նման զավեշտից: Կարճ ասած՝ հասկանալի չէ, թե ինչու Ադրբեջանին չի արգելվում մասնակցել ֆուտբոլի միջազգային մրցաշարերին, ճիշտ այնպես ինչպես դա արվեց Հարավ-Աֆրիկյան հանրապետության հետ Ապարտեիդի տարիներին: 

    Ինչպե՞ս զարմանալ Ադրբեջանում հայատյացության նման աստիճանով, երբ ադրբեջանցի սպան իր քնած հայ գործընկերոջը կացնով գլխատելու համար պարգեւատրվել է

    Եւ ինչպե՞ս չնկատել հակասությունը խտրականության այս ֆուտբոլի եւ միավորող այն ֆուտբոլի միջեւ, որն ընթանալու է հարեւան Արցախի Հանրապետությունում: Հունիս 1-ից 9-ը ինքնորոշված փոքրիկ այս հանրապետությունը հյուրընկալելու է ԿՈՆԻՖԱ-ի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ուժեղ իր 53 անդամներով եւ 2019 թվականին հունվարին Բրիմայի Կարենսների նոր անդամակցությամբ՝ ԿՈՆԻՖԱ-ն կազմակերպում է Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ եւ նախատեսում է 2021 թվականից սկսած դրանք կազմակերպել նաեւ այլ աշխարհամասերում:

    Գրեթե չճանաչված այս մրցաշարին մասնակցող ազգային հավաքականների բազմազանությունը ժպիտ է հարուցում. Սարդենիայից Աբխազիա, Պադանիայից Լապոնիա՝ անցնելով Շամերիայի անհավանական հանրապետությունով, որը գտնվում է Հունաստանի եւ Ալբանիայի միջեւ ընկած անհայտ մի կետում: Բայց չի կարելի թերագնահատել այն հույսը, որ համեստ այս մրցաշարը բերում է այնպիսի ժողովուրդների, ինչպիսին օրինակ Արցախինն է, որոնց հանդեպ կիրառվող արգելքը՝ մասնակցելու միջազգային փոխհարաբերություններին, արժանապատվության իրավունքի մերժում է պարզապես:

    Ո՞վ կարող է պնդել, որ ճանաչված երկրի քաղաքացի չլինելը արգելում է մասնակցել ֆուտբոլի որեւէ առաջնության: Եթե, ինչպես մշակույթը, սպորտը հավակնություն ունի  մերձեցնելու մարդկանց, ապա հարկ է նախընտրել չճանաչված մի երկրում ընթացող համեստ, հաճելի եւ մեծ հավակնություններ չունեցող մի մրցույթ, քան իր լեգիտիմությունը փնտրող երկրագնդի  ամենառասիստ, բռնատենչ եւ ազատասպան պետություններից մեկում կազմակերպվող մի իրադարձություն:


    Նման թեմաներ

    scroll to top