Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Ինչու շտապօգնության ծառայությունը մանկական բրիգադ չունի

    Ինչու շտապօգնության ծառայությունը մանկական բրիգադ չունի

    Ինչու շտապօգնության ծառայությունը մանկական բրիգադ չունի
    Հունիս 14, 2018 15:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օրեր առաջ քաղաքացիներից մեկը ֆեյսբուքյան խմբերից մեկում գրել էր, որ իր վեց ամսական փոքրիկին պատվաստում են արել, չորս օր ջերմել է, ու երբ կանչել է շտապօգնություն, համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել: «Շտապօգնությունը եկել է, շիվարել կանգնել է, ու ինձ է ասում՝ դե մի բան արեք, ջերմությունը գոնե մի քիչ իջնի, տեղափոխենք հիվանդանոց, այն դեպքում, երբ ես արդեն շփել էի ջրով ու ցեֆեկոն էի դրել»,- գրել էր ծնողը:

    Այո, շտապօգնության ծառայությունում մանկաբույժներ չկան, բայց մյուս բժիշկները կարող են երեխաներին ցույց տալ առաջին անհետաձգելի բուժօգնությունը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը և հավելեց. «Խորհրդային տարիներին ունեցել ենք առանձին մանկական բրիգադներ, իսկ հիմա արդեն քանի տարի է՝ բժշկական համալսարանում առանձին ֆակուլտետ չկա, բայց յուրաքանչյուր բժիշկ, ով հերթապահում է շտապօգնությունում, պետք է երեխաներին առաջին անհետաձգելի շտապօգնություն ցույց տա»:

    Թագուհի Ստեփանյանը նաև նշեց. «Եթե, օրինակ՝ մենք օրվա մեջ սպասարկում ենք 700 կանչ, դրանցից 200-ը կամ 150-ը կարող են լինել մանկական կանչեր: Այսինքն՝ մենք սպասարկում ենք երեխաների, որոնց առաջին օգնությունը ցուցաբերում ենք, այնուհետև, եթե կարիքը կա, տեղափոխում ենք հիվանդանոց, դրա համար մի քիչ անհեթեթ է նման ձևով ասել, մենք ո՞նց կարող ենք երեխային չսպասարկել: Ճիշտն ասած, ինձ համար մի փոքր  զարմանալի է, որ բժիշկը չի կարողացել»:

    Ինչ վերաբերում է հարցին՝ շտապօգնության բոլո՞ր բրիգադներն են ապահովված մանկական դեղորայքով, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախարարությունն է որոշում՝ մենք ի՛նչ դեղեր պետք է ունենանք, իսկ ի՛նչ դեղեր՝ ոչ: Կան դեղեր, որոնք օգտագործվում են և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար, իսկ շտապօգնության դեղորայքի արկղիկում առկա են բոլոր այն դեղերը, որոնք հաստատված են նախարարության կողմից: Ուղղակի հարցն այն է, թե ծնողն ի՛նչ դեղ է պահանջել իր երեխայի համար, որովհետև շատ հաճախ մեծահասակներն էլ պահանջում են դեղեր, որոնք շտապօգնության դեղարկղում չի նախատեսվում լինել:

    Բայց ինչ վերաբերում է առաջին անհետաձգելի բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի ցանկին, մենք այդ բոլոր դեղերն ունենք»:

    Ամեն դեպքում, ինչպես նշում է Թագուհի Ստեփանյանը՝ ծրագրեր կան շտապօգնության ծառայությունում ունենալ նաև մանկաբույժներ. «Վերջերս քննարկել ենք այն հարցը, որ շտապօգնությունն ունենա նաև մանկական բրիգադներ: Կոնկրետ չեմ կարող ասել, թե ե՛րբ կլինի, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում կլինի: Այդ ծրագիրն այն փուլում է, որ մենք կարողացել ենք կապ հաստատել նույն պոլիկլինիկաների հետ, և ապագայում, երբ այդ հնարավորությունը կլինի, այն մանկաբույժները, ովքեր աշխատում են տարբեր մանկական հիվանդանոցներում, կհերթապահեն նաև մեզ մոտ:

    Նաև պետք է ասեմ, որ այս պահին մենք բժշկական համալսարանում նույնիսկ համապատասխան ֆակուլտետ չունենք և տարեկան ավարտողներ չկան, ինչպես եղել է խորհրդային տարիներին: Հիմա մենք ունենք բժիշկներ, ովքեր ավարտել են բժշկական համալսարանը, և այդ ավարտածներից նրանք, ովքեր որոշել են որպես հետբուհական կրթություն կլինիկական օրդինատուրայում վերցնել մանկաբուժությունը, նրանց մեջ մենք կարող ենք մանկաբույժներ փնտրել»:

    Էմմա Հովսեփյան

    scroll to top