Գլխավոր Լուրեր Իրական պատմություն տեղացու և սփյուռքահայի մասին

Իրական պատմություն տեղացու և սփյուռքահայի մասին

2
0

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.

Իրական պատմություն է, ոչ մի բառ չեմ չափազանցացնում։

Մի սփյուռքահայ գործարար ընկեր ունեմ, որը մեծ գործարան ու ցեխեր ունի արտասահմանում, վերջին տարիներին սկսել էր ինտենսիվ գալ-գնալ ՀՀ, մենք էլ անընդհատ համոզում էինք, որ գա մեզ մոտ ապրի,ներդրումներ անի, իր գործարանն էլ շինանյութեր է արտադրում, ամբողջովին ավտոմատացված է, իր համար հեշտ կլինի նաև էստեղից կառավարել գործարանը, տարվա մեջ մի քանի անգամ գալ-գնալ։ Անընդհատ կամուկացի մեջ էր, ասում էր՝ բա որ գամ՝ չստացվի, երեխեքին էնտեղ ուսումից կտրեմ, հետո նորից հետ տանեմ, ավելորդ սթրես է, գուցե տարի կորցնեն, չգիտեմ, է…

Վերջը որոշեց էստեղ Էքսպոյի մասնակցի, գուցե պայմանագիր կնքի, էստեղ էլ ցեխ բացի, եթե ամեն ինչ լավ եղավ, վերջնական հաստատվի մեզ մոտ։
Էքսպոյի ժամանակ մի երիտասարդ է մոտենում, դետալներ հարցնում այգեգործության համար, ընկերս պատասխանում է, որ չի փորձել, բայց կարող է արտադրել, նույնիսկ պատրաստ է փորձնական ստանալ, ուղարկել, եթե կլինի, մի փոքր խմբաքանակ կարտադրի։

Հետո սկսում են խոսել դեսից-դենից, երկրից, դժվարություններից, ընկերս ասում է, որ ցանկություն ունի գալ, մտավախություն ունի բայց, հանկարծ չստացվի։ Էս երիտասարդը կպնում է ընկերոջս, բա քեզ պիտի տանեմ իմ տուն, անպայման պիտի գաս, բան եմ ցույց տալիս։ Շատ է համոզում, ընկերոջս նստեցնում է իր opel-ը ու ուղիղ իրենց գյուղ։

Հասնում են, ընկերս տեսնում է մի փոքր տնակ, դիմացը՝ բոստան, մտնում է ներս, տան տիկինը սկեսրոջ հետ բարեհամբույր դիմավորում են, սեղան դնում, խոսում: Երիտասարդն ասում է, որ մի քանի տարի առաջ եկել է, այս հողը վարձակալել գյուղապետարանից, սկսել են ընտանիքով աշխատել, էս տնակը ինքն է իր ձեռքով սարքել, հողի լեզուն հասկանում է, եթե ինքն էլ գա, կգնան գյուղապետից կողքի հողն էլ կվերցնեն, ինքը ամեն կերպ կօգնի, որ ոտքի կանգնեն, ու խոստանում է, որ կողքի հողից մինչև 7 միլիոն տարեկան եկամուտ կստանան, ինքը էսքան տարի չարչարվել է, սխալների վրա սովորել, իր էսքան տարվա փորձը կփոխանցի իրեն, որ հանկարծ չտուժի, չձախողվի։

Ընկերս ասում է, որ իրենց ընտանիքը տեսա, տեսա՝ ինչ դրական են, ոնց են պայքարում, ոնց են ուզում ձեռք մեկնել, օգնել անծանոթ մարդուն, ես ամաչեցի, որ էսքան կարողություն ունեմ ու վախեր ունեմ մեր երկրում ապրելու։

8 ամիս է՝ ՀՀ բնակիչ են, երեխաները էստեղի դպրոց են հաճախում։
Ինձ թվում է՝ դեկտեմբերին իրենց ընտանիքի մասին կպատմեմ անուններով, օգնող երիտասարդի մասին էլ…

Չնայած իր մասին մի տեսանյութ դուրս է եկել։