Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Իրավագետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է ՊԵԿ-ի պարզաբանմանը

    Իրավագետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է ՊԵԿ-ի պարզաբանմանը

    Իրավագետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է ՊԵԿ-ի պարզաբանմանը
    Օգոստոս 10, 2018 14:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իրավագետ Տիգրան Սարգսյանի պատասխանը ՊԵԿ-ի տրված պարզաբանումներին

    Հայտնում եմ իմ շնորհակալությունը ՊԵԿ-ին, որ իր բազմազբաղության մեջ այդուհանդերձ ժամանակ ու ռեսուրս գտել է լսելու/կարդալու իմ դիտողություններն ու սուբյեկտիվ կարծիքը, ուսումնասիրելու իմ տված օրենսդրական հղումներն ու խորհել առաջարկներիս մասին։ Հաճելի է, երբ նկատում ու գնահատում են արածդ, ուրեմն մեսիջը տեղ է հասել։

    Իսկապես, վերջին ամիսներին երկրում տիրող նոր իրողությունների ֆոնին ՊԵԿի աշխատելաոճում ու թափանցիկության մեջ դրական միտում է նկատվում։ Եվ վստահ եմ, որ շարունակ բարելավելու է այդ ոլորտը, քանի որ կան ու կլինեն իմ պես հետևողական ու պահանջկոտ քաղաքացիներ, որոնք պետական մարմինների թերությունները ոչ միայն չեն հանդուրժելու, այլև լուսաբանելու, քննադատելու և ուղղելու են, ինչին էլ որ ուղղված են իմ բոլոր ելույթներն ու տեսանյութերը, որն էլ, կրկնեմ, իմ քննադատության ու առաջարկությունների հիմնական նպատակն է` բարելավել ու կատարելագործել ՊԵԿ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցությունը:

    Ինչ վերաբերվում է ՊԵԿ-ի կողմից շտապողաբար (հավանաբար, էմոցիոնալ ֆոնի վրա տրված) անհիմն գնահատականին իմ գիտելիքների բավարար լինել չլինելու, իրազեկվածության պակաս ունենալու, հերյուրանք և ապատեղեկատվություն տարածելու, «չարամիտ» երևակայություն ունենալու և այլն վիրավորական արտահայտություններին, ապա հայտնում եմ, որ չեմ կարող նման ցածր մակարդակում ու նույն հարթության վրա նրանց պատասխանել, քանի որ թե կրթությունս, թե դաստիարակությունս, թե աշխարհայացքս ու հատկապես նպատակներս այլ են։ Նորից եմ կրկնում ՊԵԿ-ի համար, առողջ ու հիմնավոր քննադատության, հետևողականության ու պահանջկոտության, ուսուցողական նյութեր լուսաբանելու, հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու բոլոր տեսանյութերն ու հոդվածները հետապնդում են միայն մի նպատակ՝ բարելավելու ոլորտը, կատարելագործել ՊԵԿ + տնտեսվարող սուբյեկտ համագործակցությունը։

    Իսկ copy paste արված օրենքների հղումների ճիշտ, վերաբերելի ու թույլատրելի լինելու մասին օբյեկտիվ գնահատականը, վստահ եմ, կտա Վարչական Դատարանը, որոնց մանրամասն կանդրադառնա իր վճռում:

    Այնպես որ առաջարկում եմ չծանրաբեռնել ընթերցողներին ու իմ հարկերի հաշվին աշխատավարձ ստացող ՊԵԿ աշխատակիցներին սույն վեճը (բառի լավ իմաստով, քանի որ խելացի ու առարկայական վեճի ընթացքում է միայն իրականությունը ծնվում) շարունակելով։

    Ընդամենը խորհուրդ եմ տալիս ուշադիր ուսումնասիրել հետևյալ իրավական ակտերն (Հարկային, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Վարչական Դատավարության օրենսգրքերը, Իրավական ակտերի, Ստուգումների, ՀԴՄ կիրառման, Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքները, ինչպես նաև ՎԴ3/0011/05/10, ՎԴ/5848/05/08, ՎԴ3/0294/05/08, ՎԴ/2127/05/11 վարչական գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները) ու լավ պատրաստվել դատաքննությանը, քանի որ, ի տարբերություն լրատվամիջոցներին, որոնք որքան էլ պրոֆեսիոնալ ու խելացի անձնակազմ ունենա, միևնույն է պարտավոր չեն ստուգելու ՊԵԿ կողմից տարածվող տեղեկատվության իսկությունն ու վերաբերելիությունը կոնկրետ գործին, Վարչական Դատարանը, վստահ եմ, ուշադիր կգտնվի խորությամբ ուսումնասիրելու ձեր կողմից տրված բոլոր փաստաթղթերն ու օրենքների հղումները, ինչպես նաև հարկային մարմինների գործողությունների օրինականությունը։

    Ինչ վերաբերվում է մնացած՝ առաջին հայացքից պաթոսային թվացող արտահայտություններին, որոնցից է «ՊԵԿ գործելաոճի առանցքում գործընկերային շփումն է, որի համաձայն յուրաքանչյուր քայլ լինելու է թափանցիկ և բիզնեսի շահերից բխող», ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք տվյալ նպատակով է առաջնորդվում ՊԵԿ-ը, երբ մի քանի օրով կասեցնում է տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, զրկում բյուջեն և պետությանը հարկերից։ Ճիշտ չէր լինի արդյո՞ք տուգանելու ու կասեցնելու փոխարեն նախազգուշացներ, ուղղորդեր, հուշեր, իսկապես օգտակար գտնվեր, չէ որ բիզնեսի շահերից ոչ մի կերպ չի բխում կասեցումը, բիզնեսի փակումը:

    Վերջում հավելեմ միայն այն, որ հակված եմ հավատալու վստահորդիս կողմից ինձ ներկայացված տեղեկատվությանն ու առաջնորդվել հենց դրանով, քանի դեռ ՊԵԿ-ի կողմից հակառակը չի ապացուցվել։ Ուստի, այն տեղեկատվությունը, ինչը որ ինձ է ներկայացվել, որպես իրավապաշտպանի, ես իրավասու եմ վերարտադրելու, նույն ձևով ներկայացնելու թե հանրությանը, թե լրատվամիջոցներին, և թե Վարչական Դատարանում ։

    Կարճ ու պարզ հիշեցնելով իրողությունը, կրկնում եմ՝ հարկայինի տուգանքը (12.07.2018թ-ի թիվ 4103710 վարչական ԱԿՏԸ) բողոքարկվել է սահմանված կարգով և ժամկետներում, ուրեմն վերջինս ուժի մեջ դեռ չի մտել, ուստի դրա հիմա վրա կայացված ցանկացած հանձնարարագիր կամ հրաման ապօրինի Է։ Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ արգելված է որևէ անձի ենթարկել պատասխանատվության օրենքի շրջանակներից դուրս, օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների և հիմնավորումների հիման վրա, որպիսին տվյալ դեպքում 20․06․2018թ. թիվ 27846835 Արձանագրությունն է, ուստի դրա հիման վրա կայացված 12․07․2018թ-ի թիվ 4103710 ԱԿՏն իրավաչափ չէ և ենթակա է վերացման:

    Դեռ չեմ ասում այն, որ ամբողջ վարչարարությունն իրականացվել է ապօրինի ու թերի, որն արդեն իսկ բավարար հիմք է ակտն ավավեր ճանաչելու համար։

    Բացի այդ ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների ՀՏ պետ Տ. Զաքարյանի կողմից 12.06.2018թ. տրված թիվ 4103710 հանձնարարագրի հիման վրա, որի տրման լիազորությունը վերջինս չի ունեցել։

    Բացի այդ եթե չլիներ տարբերություն հսկիչ գնում և Հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների ճշտության ստուգում իրավանորմերի միջև, ապա օրենսդիրը դրանք հստակ չէր առանձնացնի իրարից։

    Բայց այդ և այլնի մասին ավելի մանրամասն կխոսենք դատարանում, որտեղ անհամբեր կսպասեմ ՊԵԿ ներկայացուցչին։

    p.s. Վերջում հիշեցնեմ Սենեկայի «Էդիպուս» ողբերգությունից՝ վստահության չարաշահման մասին հայտնի «Aditum nocendi perfido praestat fides» արտահայտությունը, ու այդ համատեքստում խնդրեմ – ԵՐԲԵՔ ՉՉԱՐԱՇԱՀԵԼ պետության ու իմ կողմից Ձեզ տրված լիազորությունները:

    Նման թեմաներ

    scroll to top