Մեզ անհանգստացնում են ձեռնարկությունների արտանետումները, որոնք քայքայում են օզոնային շերտը, կենդանիների համար մահացու պլաստիկը, տոքսիկ մարտկոցները և այլն: Հիմա այս ցուցակին կարելի է ավելացնել նաև ջինսը:
Աշխարհում ամենաթանկ, ամենահզոր և ամենաթունավոր մեքենա Bugatti Chiron-ն է: 8 լիտրանոց շարժիչը, որն ունի 1500 ձիաուժ հզորություն, յուրաքանչյուր անցած կիլոմետրում արտադրում է 516 գ CO2: Ջինս գնելով՝ դուք շրջակա միջավայրին հասցնում եք նույնքան վնաս, որքան այդ սուպերքարով անցնեիք 26 կմ:
13 կգ ածխաթթու է ընկնում օդի մեջ ընդամենը մեկ դասական ջինս արտադրելիս: Մեծ ծառը պետք է 4,5 ամիս անցկացնի՝ CO2-ի նման քանակությունից ազատվելու համար: Իսկ հիմա պատկերացրեք, որ ամեն տարի մարդկությունն արտադրում է 4 մլրդ զույգ ջինս, ինչն ուղեկցվում է 52 մլն տոննա CO2-ի արտազատումով:
Սակայն սա դեռ ամենը չէ. ընդամենը մեկ միավոր ջինս արտադրելու համար արտադրողը ծախսում է մինչև 10 կգ քիմիական ներկանյութ և 8 հազար լիտր ջուր:
Ջինսի ամենամեծ խնդիրը բամբակն է, որից ստեղծվում է գործվածքը: Այս գյուղատնտեսական մշակաբույսն օգտագործում է ջրի հսկայական պաշարներ: Հնդկաստանում 1 կգ բամբակ աճեցնելու համար ծախսում են 22,5 հազար լիտր ջուր: Ինչպես նաև բամբակի պլանտացիաները զբաղեցնում են տպավորիչ մակերեսներ՝ շուրջ 150 մլն հեկտար:
Ջինսի արտադրության հետ կապված մյուս գլոբալ խնդիրը ներկանյութերն են: Որքան էլ տարօրինակ է, սակայն 150 տարվա ընթացքում գործվածք ներկելու տեխնոլոգիան չի փոխվել և պահանջում է հսկայական քանակությամբ ջուր և մեծ քանակությամբ ռեակտիվներ ու ներկեր: Գործվածքը ներկելուն նախապատրաստելիս նախ այն ճերմակացնում են և մշակում հատուկ բաղադրությամբ, որը նվազեցնում է թելերի շփումը հոսքագծով տեղափոխվելիս: Եթե նույնիսկ մեկ թել է կտրվում, դա իսկական դժբախտություն է դառնում. թոփը, որտեղ մոտ 700 մ գործվածք է, օգտագործման համար դառնում է ոչ պիտանի:
Որից հետո ներկում են 12 լոգնոցներում կապույտ ներկանյութով, ընդ որում, ներկելու յուրաքանչյուր փուլից հետո գործվածքը խնամքով չորացնում են:
Ջինսի գործվածքը ներկելու տեխնոլոգիական գիծը ունի 52 մ երկարություն և ներկում է 1 րոպեում 19 գծային մետր, որի ընթացքում ծախսվում է 69 հազար լ ջուր: Այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Levi’s-ը, Wrangler-ը և Lee-ն, օգտագործում են կրկնակի շրջափուլի ջուրը՝ այն հատուկ սարքերով մաքրելով, սակայն ոչ բոլոր արտադրողները կարող են իրենց նման բան թույլ տալ:
Եվ, վերջապես, երրորդ խնդիրը թափոններն են: Միայն ԱՄՆ-ում ամեն տարի աղբավայր է ուղարկվում առնվազն 13 տ հագուստ, որի մեջ քիչ մաս չեն կազմում ջինսե գործվածքից իրերը:
Շրջակա միջավայրի վրա ազդելու չորրորդ գործոնը լվացքն է: Որպեսզի ջինսը նորաձև ու նորաոճ լինի, այն «մաշեցնում» են: Ջինսի գույնը բացացնելու համար այն լվանում են ջրի հիմքի վրա հատուկ բացադրություններում, որոնց ավելացնում են քլոր և այլ քիմիական միացություններ, ինչպես նաև պեմզա, որը մաշվածության տպավորություն է ստեղծում: Այս գործընթացի համար նույնպես հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում:
Ինչպե՞ս կարելի է օգնել շրջակա միջավայրին ջինսե աղետից: Մի՞թե հարկ կլինի հրաժարվել մեզ համար այդքան սիրելի ջինսե տաբատներից, բաճկոններից և կիսաանդրավարտիքներից:
Մեր մոլորակի պաշտպանության գործում համեստ լուման ներդնելու համար բավական է հրաժարվել ցածր գնային սեգմենտի անհայտ արտադրողներից: Միջին և բարձրակարգ արտադրանք արտադրող բոլոր ընկերությունները վաղուց արդեն անցել են շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցության արտադրության: