Գլխավոր Իրավական Կան նյութեր, որ այս գործին կցված չեն. Քոչարյանը խոսեց

Կան նյութեր, որ այս գործին կցված չեն. Քոչարյանը խոսեց

2
0

Այդ տեսանյութերի զգալի մասը ես առաջին անգամ տեսել եմ մարտի 7-8-ի կողմերը, Գորիկ Հակոբյանի կողմից, իմ մոտ էր բերել և ցույց էր տվել այդ տեսանյութերը: Այս մասին դատարանում հայտարարեց Մարտի մեկի գործով ամբաստանյալ, սահմանադրական կարգը տապալելու համար դատարանի առջև կանգնած Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այդ օրերին տեղի ունեցածը փաստող մի քանի տեսանյութերի:

«Ես զանգել եմ Գորիկ Հակոբյանին (ԱԱԾ-ի այդ ժամանակվա տնօրեն.- խմբ.), ասել եմ՝ ինչ վիճա՞կ է, ես հիմա լրագրողների հետ հանդիպելու եմ, ես մինչև հանդիպելը փորձում էի ճշտել փաստերը, և ինքը ասաց, որ, այո՛, զենք են կիրառում (նկատի ունի ընդդիմադիրները՝ Տեր-Պետրոսյանի համակիրները), և ինքն ինձ պատմեց, որ այ մեքենայից դուրս է գալիս, կրակում է ոստիկանների ուղղությամբ, հետ է մտնում, նորից է կրակում: Հետո արդեն դեպքերից հետո ես պահանջեցի, ինձ քննադատում էին, որ այդպիսի բան չկա, և անձամբ ինքը բերեց և ցույց տվեց այդ կադրերը, դրա հետ միասին մի շարք այլ դրվագներ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ այդ տեսանյութերը հիմա ոչ մի տեղ չկան: «Ես չգիտեմ, թե դրանք որտե՛ղ են»,-ասաց Քոչարյանը:

Ամբաստանյալը նշեց, որ կային կադրեր, թե ինչպես է նռնակը պայթում, և կապիտանը զոհվում, իսկ հիմա այդ կադրերը չկան, և ինքը չգիտի, թե որտե՛ղ են:

«Այդ նյութերը և բազմաթիվ այլ նյութեր այս գործին չեն կցվել»,- ասաց Քոչարյանը: