Գլխավոր Լուրեր Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ չխանգարելը

Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ չխանգարելը

1
0

Կառավարության հիմնական խնդիրը այնպես անելն է, որ որևէ մեկը, որևէ տնտեսական գործունեության դիմելու համար չունենա Կառավարության կարիքը: Այս մասին Արարատի մարզում տեղի ունեցող «Իմ քայլը» հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի  համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ հեղափոխությունից հետո գաղափարախոսությունը հետևյալն է` ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ, բայց մարդիկ շարունակում են ունենալ երբեմն համաձայնեցումների, «դաբռո»-ների կարիք։

«Տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 ու ավելի տոկոսը ուզում է անձնամբ հանդիպել ու համաձայնեցնել իր գործողությունները երկրի ղեկավարի հետ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով Կառավարության առաքելությունն այլ է. «Ընդհանրապես ՀՀ-ում Կառավարության մեծագույն առաքելությունը հետևյալն է, որ մարդիկ իրենց առօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան Կառավարության կարիքը, ավելի քիչ ունենան պետական մարմինների հետ շփվելու, նրանցից բան հարցնելու, թույլտվություն ստանալու կարիքը, որովհետև Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, Կառավարության հիմնական խնդիրը մարդկանց չխանգարելն է, մարդկանց քաջալերելն է, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը որպես օրինակ բերեց, երեկ անցկացվող «Երևանի գինու օրեր» փառատոնը՝ նշելով, որ Կառավարությունն այս փառատոնի անցկացման գործում սիմվոլիկ դերակատարում է ունեցել՝ մարդկանց թույլ տալով, որ իրենց ստեղծարար ընդունակություններն իրականացնեն:

«Մենք այսօր հենց այս քաղաքական ուղեգիծն ենք իրականացնում և այսօր հենց այս խնդիրն ենք լուծում ամենօրյա ռեժիմով»,- շեշտեց նա: