Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Կառավարությունը ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի

    Կառավարությունը ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի

    Կառավարությունը ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի
    Դեկտեմբեր 6, 2017 13:05 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին վարչապետը եւ փոխվարչապետը ներկա չեն, ինչը հիմք է տվել «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին եզրակացնել. «Նրանց չեն հետաքրքրում այստեղ ընթացող քննարկումները, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ինչ էլ խոսվի, ինչ էլ ասվի, կա խորհրդարանական մեծամասնությունը, որը կբերվի դահլիճ պատեհ պահի, և երկրի կարևորագույն փաստաթուղթը կսղացնեն, կքվեարկեն»։

    Իսկ դահլիճում նստած կառավարության մի քանի անդամների մասին պատգամավորն ասաց, թե վստահ է՝ նրանք ձանձրանում են խորհրդարանի ընդդիմադիր հատվածի քննադատությունից։

    Նաիրա Զոհրաբյանն  ասաց, թե  երբ կառավարությունը նոր էր նշանակվել, հնչում էին լավատեսական գնահատականներ, սպասումները մեծ էին կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի հարցերում։

    «Բայց այսօր մենք ունենք այդ հայտարարությունների զրո արդյունք, դա է վկայում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության հրապարակած ցուցանիշները՝ Հայաստանը գտնվում է ամոթալի` 132-րդ տեղում, իսկ Վրաստանը առաջին հիսունի մեջ է»,- հայտարարեց Զոհրաբյանը։

    Մյուս խնդիրը, որ առանձնացրեց պատգամավորը, Հայաստանի պետական պարտքն է.  նա ահազանգեց. «Յուրաքանչյուր քաղաքացու պարտքի բեռը հաջորդ տարի հունվարի 1-ից օրական լինելու է 2200 դոլար։ Պետական պարտքը պրոգրեսիվ թռիչքով շարունակում է աճել»։

    «Մեր քաղաքացուն չի կարելի վիրավորել՝ ասելով, թե նա ծույլ է, պարզապես ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով մենք ունենք նման իրավիճակ»,- հայտարարեց Զոհրաբյանը։

    Ըստ Զոհրաբյանի՝ այն ժամանակ կառավարությունը հայտարարեց, թե Սինգապուրի մոդելով է գնալու, մինչդեռ ոչ միայն կոռուպցիան չի հաղթահարում, այլև «ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի»: «Այս կառավարությունը չունեցավ քաղաքական խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա հանգիստ նստած են տնտեսական մոնոպոլիստները, ովքեր անընդհատ անբարեխիղճ դեմպինգ են անում, որ որևէ մեկ այլ անձ, ով չի պատկանում այս կլանին, մտնի այդ տնտեսական շուկա, որովհետև այդ ճյուղի վրա նստեցին իրենք և իրենց նեղ թիմի ներկայացուցիչները»,- ասաց նա: Եզրափակելով` Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

    Նման թեմաներ

    scroll to top