Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Կառավարությունը շահագրգռված է՝ աջակցել ստեղծարար գաղափարներին

    Կառավարությունը շահագրգռված է՝ աջակցել ստեղծարար գաղափարներին

    Կառավարությունը շահագրգռված է՝ աջակցել ստեղծարար գաղափարներին
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը: Ֆորումի շրջանակում կառավարության ղեկավարը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մարզի տնտեսական զարգացման առաջնահերթություններին, Սևանա լճի շրջակայքում տնտեսական գործունեությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, աղբի հետ կապված իրավիճակին, համայնքների գազիֆիկացմանը և այլ թեմաների:
     Ինչպես տեղեկացնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով, մասնավորապես, Սևանա լճի շրջակայքում տնտեսական գործունեության աշխուժացման հնարավորություններին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը կառավարության տեսադաշտում է և ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: «Ընդհանրապես մենք պլանավորում ենք ակտիվացնել Սևանա լճի արևելյան ափում տնտեսական գործունեությունը, որովհետև կարծում ենք, որ այնտեղ շատ լուրջ ներուժ կա: Դրա համար պետության ամենակարևոր ներդրումն այն է, որ մենք առաջիկա տարիներին մտադիր ենք Սևանի շուրջ ընդհանրապես բոլոր ճանապարհները բերել պատշաճ վիճակի», – ասել է վարչապետը՝ հայտնելով, որ նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել 12 կմ ճանապարհահատվածի նորոգումը:
    Խոսելով գազիֆիկացման հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ գազիֆիկացման ամեն ծրագիր պետք է դիտարկվի տնտեսական շահավետության համատեքստում: «Ընդհանրապես, կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որպեսզի գազային տրամաբանությունից դուրս գանք և ավելի մեծ ուշադրություն դարձնենք այլընտրանքային էներգետիկային, մանավանդ, Գեղարքունիքի մարզում, որտեղ արևի շատ մեծ էներգիա կա՝ և՛ էլեկտրական հոսանքի, և՛ ջրերի տաքացման, և՛ ջեռուցման համար, այսինքն` պետք է հաշվարկ անենք և հասկանանք: Այն գյուղերը, որոնք գազիֆիկացում են ակնկալում, պետք է իրենց այլընտրանք առաջարկենք», -ասել է կառավարության ղեկավարը:
    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև աղբի, աղբահանության խնդրին և հանգամանալից խոսել դրա լուծման կարևորության մասին. «Աղբի խնդիրը Հայաստանում ամենամեծ պրոբլեմն է: Այն լուծելու համար, իհարկե, մենք պետք է պարբերական շաբաթօրյակներ անցկացնենք, տեղական ինքնակառավարման մարմինները լուրջ պետք է աշխատեն: Բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման` Հայաստանի Հանրապետությունում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակ ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի: Որո՞նք են աղբի կուտակման ամենամեծ կենտրոնները` այն տեղերն են, որտեղ մենք մեր ընտանիքներով գնում ենք հանգստանալու, հաց ուտելու և այլն, և ի՞նչ ենք թողնում մենք մեր հետևից: Այստեղ է հարցի լուծումը: Իհարկե, մենք հիմա աշխատում ենք, որ աղբի վերամշակման, աղբի հավաքման հնարավորինս արդյունավետ համակարգ ունենանք:
    Ես արդեն ասել եմ, հրապարակային հայտարարել եմ, որ կհամարեմ, որ հեղափոխությունը շատ կոնկրետ իր վերջնական նպատակին հասել է, եթե մենք կարողանանք Հայաստանն աղբից ազատել՝ աղբից և հին ավտոմեքենաների թափքերից, որ ամենուրեք են՝ մեր գյուղերում և մեր տների առաջ: Մենք հիմա մետաղամշակման ոլորտում աշխատող տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն ունենք, կարծես թե գործարք ենք կնքում և հույս ունենք, որ հարցը շուտով լուծում կստանա:
    Ինչքան էլ լավ ձեռնարկություններ ունենանք, եթե Հայաստանի Հանրապետությունում աղտոտելու գործում միլիոնավոր մարդ ներգրավված լինի, իսկ աղբ հավաքելու գործում` մի քանի ընկերություն, մենք, միևնույն է, այդ խնդիրը չենք լուծի: Այստեղ մտքի հեղափոխություն է պետք, առաջին հերթին: Բայց նաև, իհարկե, մենք պետական ծրագրեր պետք է իրականացնենք և պետք է այստեղ ռազմավարություն ունենանք: Առաջիկայում նաև Հայաստանում սկսվելու է պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելուն հասարակական արշավը, որը, չեմ կարծում, թե շատ արագ, բայց որոշակի արդյունքներ կունենա»:
    Ամփոփելով համաժողովի աշխատանքները` վարչապետ Փաշինյանը արդյունավետ է գնահատել քննարկումները և նշել, որ մարզային համաժողովները գնալով ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում: «Շնորհավորում եմ լավ կազմակերպված համաժողովի և արդյունավետ խոսակցության կապակցությամբ: Այս քննարկումը շատ կարևոր է, որովհետև այն մտագրոհ, անգլերենում այդպիսի բառ կա՝ brainstorm, էֆեկտ ունի: Մենք տեսանք այստեղ, թե ինչ ներուժ կա, ինչ հետաքրքիր ծրագրեր կան, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ գաղափարները, կենսունակ գաղափարները Հայաստանում իրագործվելու և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան:
    Կարծում եմ` ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացնում է: Սա, ի վերջո, նաև ուղիղ շփման հնարավորություն է: Իհարկե, ես չեմ ասի, թե մեր կառավարությունը փակված է և շատ հազվադեպ է շփվում քաղաքացիների հետ, բայց այսպիսի շփումները նույնպես շատ կարևոր են:
    Հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողներն ավելի կոգևորվեն, և ևս մեկ անգամ արձանագրեցին, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է՝ աջակցել ստեղծարար գաղափարներին, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր գաղափարներ ծնվեն, առաջ քաշվեն, և ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա ներդրողներն իսկապես կարողանան իրագործել «Հարստացեք և հարստացրեք» գաղափարը: Ես կարծում եմ, որ այդ գաղափարն իսկապես իրագործելի է Հայաստանի Հանրապետությունում, և կառավարությունը ենթակառուցվածքների, հարկային դաշտի և այլ իր պարտավորությունները լիարժեք կատարելու է, որպեսզի դուք բոլորդ ձեզ զգաք պաշտպանված, հարմարավետ և անընդհատ քաջալերվեք կառավարության կողմից՝ նոր գաղափարներով ի հայտ գալու և նորանոր հաղթանակներ տանելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

    scroll to top