Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.42   
  •  EUR   Առք` 557.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 561.67   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 494.34   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 616.01   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 197.49   
outputra5huxgif
Sunny
34°
Home » Լուրեր » Կառավարությունը խմբագրում է վարչապետի խոսքերը. հանձնարարականներից մինչեւ որոշումներ (տեսանյութ)

Կառավարությունը խմբագրում է վարչապետի խոսքերը. հանձնարարականներից մինչեւ որոշումներ (տեսանյութ)

Դեկտեմբեր 1, 2016 18:28 Լուրեր, Վերլուծական, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Հայաստանի Կառավարությունը ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն. սա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն է: Գործադիրն այսօր հերթական նիստն էր գումարել: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` Կարապետյանը մի շարք հանձնարարականներ ուներ, որոնցից առաջինը վերաբերում էր ԾԻԳ-երի գործունեությանը: Վարչապետը հաշվել էր` կա 11 ԾԻԳ, պետք է մնան 5-ը: Առաջարկությունը հետեւյալն էր. սկսել ԾԻԳ-երի օպտիմալացման երկրորդ փուլը:

Կարապետյանի հաջորդ հանձնարարականն ուղղված էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին: Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, Կարապետյանը հանձնարարեց Ալթունյանին  երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և Կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:

Նիստում վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները դիմել են իրեն, ինքն էլ առաջարկում է գլխավոր դատախազին` հանդիպում կազմակերպել նրանց հետ:

Հանձնարարականներն ավարտվեցին, գործադիրն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: Կարմիր գծերի գումարներն այսուհետ կգնան պետական բյուջե, «Փարքինգ սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ 2013-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» պայմանագիրը լուծվեց:

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իր համար ընդունելի է ՀՀԿ գաղափարախոսությունը, ուստի որոշել է անդամակցել այդ կուսակցությանը: Կարապետյանի անկուսակցական թիմը մեկ մարդու նման հետեւեց ղեկավարի որոշմանը, եւ հաջորդ օրն արդեն իսկ բոլորը ՀՀԿ կրծքանշանով էին: Առայժմ անկուսակցական են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ամիրյանը հայտնել էր, թե մինչեւ ապրիլ ժամանակ ունի մտածելու, իսկ ի՞նչ է մտածում դեռեւս անկուսակցական Ռոստոմյանը:

Լրագրողների որոշ հարցերի պատասխանեց նաեւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիներն իբր շուկայականից ավելի էժան ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր եւ բաշխեր գյուղացիներին, ընտրվել է առանց մրցույթի, դա «Մասիսի բերրիություն» ընկերությունն էր: Հանձնաժողովը պարզել է, որ այդ ընկերությունը պարարտանյութը ձեռք էր բերում Վրաստանից՝ 1 տոննան 323 դոլարով, իսկ մեկ այլ ընկերություն, որը ներառված չէր այդ սուբսիդավորման ծրագրում, նույն պարարտանյութը գնում էր Վրաստանից 1 տոննան 239 դոլարով կամ 26 տոկոսով էժան:

Ըստ մամուլի հրապարակումների` «Մասիսի բերրիություն» ընկերությունը կապվում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Ընկերության սեփականատերը, ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է: Առաքելյանը պնդեց, թե բանից անտեղյակ է, նախորդների գործունեությանը գնահատական չի տալիս:

Հավելենք, որ Կառավարության այսօրվա նիստում ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի միջեւ: Կառավարության լրատվական ծառայությունը սակայն մոնտաժել էր տեսանյութը: Խնդիրն այն է, որ օպերատորներին թույլատրվում է Կառավարության նիստին ներկա գտնվել ընդամենը երեք րոպե եւ կադրեր ֆիքսել, իսկ ամբողջական տեսանյութը տեղադրվում է Կառավարության կայքում, սակայն լրատվական ծառայությունը որոշել է մոնտաժած տեղադրել տեսանյութը:

Փորձեցինք կառույցից պարզաբանում ստանալ, հայտնեցին, թե կոնկրետ որեւէ մեկը պատասխանատու չէ տեսանյութերի համար, պարզապես թիմային աշխատանք է, եւ թիմն այդպես է որոշել: Ստացվում է` վարչապետը Կառավարության նիստում հայտարարություններ է անում, նրա աշխատակիցները` խմբագրում այն:

Փայլակ Ֆահրադյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top