Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Կարեն Կարապետյանը աշխատանքային ժամին ՀՀԿ քարոզն է անում

    Կարեն Կարապետյանը աշխատանքային ժամին ՀՀԿ քարոզն է անում

    Մարտ 29, 2017 14:57 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    arm149070597971

    ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն աշխատանքային ժամին զբաղված է Հանրապետական կուսակցության քարոզով: Նա այս պահին գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Կարեն Կարապետյանը ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ չունի, քանի որ վերջին 5 տարիներին Հայաստանում չի բնակվել: Կարապետյանը Երեւանից Մոսկվա էր տեղափոխվել, քանի որ բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ էր ստացել:

    Վեց ամիս առաջ Սերժ Սարգսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում: Կարապետյանի Մոսկվայում բարձր աշխատավարձը փոխարինեց` կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնելու համար: Անկուսակցական Կարապետյանը փոխեց կառավարության կազմը: Անկուսակցական նախարարները, սակայն, Կարապետյանի հետ միասին կարճ ժամանակ անց անցան Մելիք-Ադամյան փողոցով` ՀՀԿ գրասենյակից դուրս գալով կրծքանշանը «դոշերին»:

    Կարապետյանը խոստանում էր փոփոխություններ կատարել, իհարկե, ի սկզբանե հայտարարելով, որ կախարդական փայտիկ չունի:

    Մարտի 5-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Կարեն Կարապետյանն է այն անցկացնում: Մեր նախորդ հրապարակումներից մեկում հայտնել էինք, որ նա  ՀՀԿ նախընտրական կարգախոսի գլխավոր հերոսի դերում էր: Մոսկվայից Հայաստան ժամանած Կարապետյանը հարվածային գործիքներ է նվագում, հայտնվում անհասկանալի շարժումներ անող երիտասարդների կողքին, ժպտում: Նրանց, բնականաբար, չի մտահոգում այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, վատթար վիճակում է, որ արտագաղթը ահագնացող չափերի է հասել, կամ որ գործազրկության բարձր մակարդակը ստիպում է ՀՀ քաղաքացուն հավաքել ճամպրուկները:

    Գործադիր իշխանությանը, նրա ղեկավարին ու այդ ղեկավարին նշանակողին այս ամենը քիչ է մտահոգում: ՀՀԿ-ն զբաղված է «աշխարհը փոխելով»: Կարապետյանն էլ որոշել է մարզից մարզ, գյուղից գյուղ անցնել եւ ներկայացնել աշխարհը փոխելու ՀՀԿ-ի տեսլականը: Այս ամենն արվում է աշխատանքային ժամերին: Կարեն Կարապետյանը  քարոզում է ընտրել ՀՀԿ-ին նույն այն ժամերին, երբ հարյուրից ավելի տնօրեններ զբաղված են եղել մարդկանց ահաբեկելով եւ ցուցակագրելով:

    Պատկան մարմիններին սա քիչ է հետաքրքրում: Նրանք աչք են փակում ՀՀԿ-ի անօրինականությունների վրա, որովհետեւ նշանակվում, ղեկավարվում են Հանրապետական իշխանության կողմից եւ սնվում նրա կերակրատաշտակից:

    Քարոզարշավի ավարտին մնացել է երկու օր: Ապրիլի 1-ին լռության օր է: Այդ օրը նաեւ խաբելու օրն է:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top