Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Կարեն Կարապետյանն այցելել է «Օպտիմ»-ի գրասենյակ

    Կարեն Կարապետյանն այցելել է «Օպտիմ»-ի գրասենյակ

    Նոյեմբեր 14, 2017 19:59 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    126.thumb

    Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:

    Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ:
    Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը:
    Կարեն Կարապետյանը ողջունել է «Օպտիմ»-ի ակտիվ գործունեությունը մեր երկրում և կառավարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնել:
    Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ աշխատել՝ ՀՀ ողջ տարածքում տրանպորտային ցանցի արդյունավետ լոգիստիկ սխեմայի ձևավորման և որոշումների կայացման համակարգի մշակման հարցում: Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ սկսել տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները:
    Ըստ աղբյուրի, «Օպտիմ»-ն իր գործունեությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Հնդկաստանում և Ավստրալիայում գործող 4 գրասենյակի միջոցով: Նաև ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում գործունեություն ընդլայնումն «Օպտիմ Արմենիա»-ին, որը ընկերության 2-րդ խոշոր գրասենյակն է աշխարհում, հնարավորություն կտա վերածվել տարածաշրջանային կենտրոնի, օտարերկրացի հաճախորդներ ներգրավել և ծառայություններ մատուցել:
    Աշխատակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող 80 մասնագետից՝ տեխնիկական համակարգերի ճարտարապետներ, դիզայներներ, ծրագրավորողներ, տվյալների բազաների նախագծողներև մշակողներ և որակի ապահովման մասնագետներ: Ներկայում շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրման արդյունքում ընդլայնվել է ընկերության գրասենյակային տարածքը և ավելի քան 140 բարձրակարգ մասնագետի աշխատատեղով ապահովելու հնարավորություն է ստեղծվել: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են հայաստանյան բուհերում իրականացնել մասնագիտական հմտությունները զարգացնող տարբեր դասընթացներ՝ նպատակ ունենալով զարգացնելու գործառնական հետազոտության, օպտիմալացման տեսության և որոշումների կայացման ավտոմատացման ոլորտները:

    Նման թեմաներ

    scroll to top