Գլխավոր Լուրեր Կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպումը

Կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպումը

1
0

Անթալիայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։  Կողմերը մասնակցել են նաև ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին, որից հետո էլ կազմակերպվել է մամուլի ասուլիս։

Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող  տարաբնույթ խնդիրներ, տնտեսական, ռազմական խնդիրներից, մինչև տարածաշրջանային հարցեր։ Թուրք արտգործնախարարը, անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին, ասել է.

«Մենք նպատակ ունենք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։  Նախորդ տարի, նախանցած տարվա համեմատ առևտրաշրջանառությունը 14 տոկոսով աճել էր, ինչը լավ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում։

Վիզային ռեժիմի խնդիրը կարգավորելու հարցում աշխատանքներ ենք իրականացնում։ Դիվանագիտական անձնագիր ունեցողների և բեռնատարների վարորդների համար  վիզաների ազատականացման հարցով  Ռուսաստանի նախագահը փաստաթուղթ է ստորագրել։  Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին կվերացվի։ Ռուսաստանի հետ միայն երկկողմ հարաբերությունները չենք զարգացնում, մենք ուժեղացնում ենք նաև համագործակցությունը  տարածաշրջանային հարցերում։ Ընդ որում ոչ միայն Սիրիայում, այլև Բալկաններում, Միջին Ասիայում և այլ տարածաշրջաններում»։

Թուրք պաշտոնյան, անդրադառնալով ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք ընթացիկ տարվա ընթացքում պետք է մատակարարվեն Թուրքիային, ասել է.

«Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեցինք։ Թուրքիան ՀՕՊ համակարգի կարիք ուներ։ Շատ երկրների հետ այդ հարցով բանակցեցինք։  Որոշ երկրներ չցանկացան մեզ տրամադրել նման համակարգեր, կամ էլ հավանություն չստացան սենատից և կոնգրեսից։ Ռուսաստանի հետ նստեցինք, խոսեցինք և համաձայնության եկանք ու ստորագրեցինք պայմանագիր։ Այժմ մենք քննարկում ենք, թե երբ է լինելու այդ համակարգերի մատակարարումը։  Պայմանագիրն արդեն ստորագրված է։ Երբ երկու երկրներ իրար միջև ստորագրում  են պայմանագիր, իսկ երրորդ երկիրն այդ պայմանագրի դեմ է դուրս գալիս, ապա դա  միջազգային իրավունքի խախտում է»։

Խոսելով F-35-ների մասին, որի նախագծից Թուրքիան կարող է դուրս մնալ ռուսական S-400-ը գնելու պատճառով, արտգործնախարարն ընդգծել է.

«Այդ ինքնաթիռների որոշ պահեստամասեր Թուրքիայում են արտադրվում։ Թուրքիան կատարել է իր պարտականությունները։ F-35-ները բազմակողմանի նախագիծ են։ ԱՄՆ-ն գործընթացի կեսից ասում է չեմ ցանկանում։  Պաշտպանության նախխարարի պաշտոնակատարը մի բան է ասում, իսկ կոնգրեսից ոմանք՝ այլ բան։ »

Հանդիպումից առաջ, թուրքական և ռուսական լրատվամիջոցները կանխատեսում էին, որ հանդիպման արդյունքում վերջնական համաձայնություն ձեռք կբերվի վիզային ռեժիմի ամբողջական վերացման մասին։

Աղբյուր`  ermenihaber.am