Գլխավոր Լուրեր Կենսաթոշակի համար ստաժը կարող է հաստատվել դատական կարգով. պարզաբանում

Կենսաթոշակի համար ստաժը կարող է հաստատվել դատական կարգով. պարզաբանում

1
0

Կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ արխիվային տեղեկանքները 2017թ. հունվարի 1-ից ստացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Սոցիալական ապահովության  ծառայություն-ՀՀ ազգային արխիվ համակարգերի միջև էլեկտրոնային հարցումների» ենթակառուցվածքի միջոցով: Այս մասին հայտնում է Սոցիալական ապահովության ծառայությունը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակմանը, որտեղ նշվում էր, թե կենսաթոշակի տարիքի հասած քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են, քանի որ աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տե­ղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները:

Սոցիալական ապահովության ծառայությունը (Ծառայություն) պարզաբանում է, որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (հոդված 32, կետեր 1, 3)՝ «մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը…», «Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով»:

Ընդ որում՝ 2 գերատեսչության միջև կնքված համատեղ հրամանով, կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ արխիվային տեղեկանքները 2017թ. հունվարի 1-ից ստացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Սոցիալական ապահովության ծառայություն -ՀՀ ազգային արխիվ համակարգերի միջև էլեկտրոնային հարցումների» ենթակառուցվածքի միջոցով: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագրի շահագործումը քաղաքացիներին ազատել է ավելորդ քաշքշուքներից և տեղեկանքի ստացման համար սահմանված պետական վճարից (բացառությամբ, եթե քաղաքացին իր նախաձեռնությամբ դիմում է ՀՀ ազգային արխիվ):

Այլ է խնդիրը, որ որոշ դեպքերում ՀՀ ազգային արխիվը մերժում է տեղեկատվության տրամադրումը՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Այսինքն, եթե փաստաթղթերը գործատուների կողմից չեն հանձնվել ՀՀ ազգային արխիվ:

Արխիվային տեղեկանքի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը կարող է հաստատվել դատական կարգով:

Ծառայությունն ակնկալում է, որ մամուլում առաջիկայում նախատեսվող հոդվածի ամբողջական հրապարակման մեջ սույն պարզաբանումը ևս տեղ կգտնի: