Գլխավոր Վերլուծական Քաղաքում պլան չկա

Քաղաքում պլան չկա

29
0

Եկել է պահը, երբ մենք պետք է ազնվություն ունենանք եւ խոստովանենք, որ արդեն վաղուց 18-50 տարեկան երեւանցիների մեծ մասն օգտագործում է մարիխուանա: Ընդ որում, պետք չէ խոտ ծխող մարդկանց միանգամից թմրամոլ պատկերացնել, քանի որ երիտասարդներն այն ծխում են հավաքույթների ժամանակ՝ բարձր տրամադրություն ապահովելու համար, իսկ ավելի հասուն մարդիկ իրենց տանը, ասենք՝ լավ քնելու կամ սեփական կանանց հետ լավ ժամանակ անցկացնելու համար: Եվ, իրականում, այդ ամենում մեծ հանցանք չկա:

Սակայն այժմ քաղաքում իրավիճակ է փոխվել: Երեւանում պլան չկա: Չեմ կարող վստահ ասել, թե ինչով է դա պայմանավորված: Սակայն կարող եմ ենթադրել, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող մարդիկ որոշել են ավելի մեծ գումարներ աշխատել եւ շուկան լցրել են տարատեսակ թմրադեղերով: Չէ որ մարիխուաննայի արժեքը կարող է տատանվել 13-25.000 դրամի շրջակայքում, իսկ դեղահաբերի եւ փոշու գինը զգալիորեն բարձր է՝20-140.000 դրամ:

Եթե մի տարի առաջ բազմաթիվ ակումբների ծանոթ բարմեններից կամ, ուղղակի ընկերների ընկերներից կարելի էր հեշտությամբ ձեռք բերել նախատեսված խոտ՝ երեկոն ավելի ուրախ անցկացնելու համար, ապա այժմ նրանք էլ անելիք չունեն, քանզի թմրադեղերի վաճառքն անցել է օնլայն տիրույթ: Բոլոր սոցիալական կայքերում կան «Plan Rob» անունով գրանցված էջեր, որոնք բացահայտ զբաղվում են թմրադեղերի վաճառքով, նրանք ոչ միայն առաջարկում են թմրադեղերի լայն տեսականի, ներկայացնում գնացուցակ, այլեւ օգտատերերին առուծախն ապացուցող սքրինշոթեր են ներկայացնում, թե ինչպես են նախկին գնորդները վճարել եւ ստացել իրենց ապրանքը: «Plan Rob»-ի հետ սոցիալական կայքում պայմանավորվելուց, նրան պահանջվող ապրանքացանքը ներկայացնելուց հետո, գնորդը  գումարը վերջինիս փոխանցում է քաղաքի տերմինալների, կամ Idram հեռախոսային հավելվածի միջոցով: Գումարը ստանալուն պես թմրավաճառը գնորդին ուղարկում է քարտեզ եւ ուղեցույց, թե որտեղից նա պետք է վերցնի իր ապրանքը:

Ինչպես հայնտի է, նախկինում թմրաշուկայի վերահսկման մեջ մեղադրվում էին բազմաթիվ աղմկահարույց անունների տեր մարդիկ, որոնք այսօր Հայաստանում այլեւս նախկին ուժն ու լծակները չունեն: Ասում էին, թե Հայաստան ոչ միայն ներկրվում, այլեւ տեղում արտադրվում է հանրահայտ մեթանֆետամինը: Եթե կհիշեք, երբ հրապարակվեց «Սասնա ծռերի» դեպքերի  տխրահռչակ տեսանյութը, որտեղ իրավապահներն ինչ-որ դեղահաբեր էին ընդունում ցուցարարներին ցրելուց առաջ, շատերս մտածեցինք, թե տեսանյութում հենց այդ նույն մեթանֆետամինն էր: Մեթանֆետամինը յուրահատուկ ազդեցություն է ունենում մարդու վրա, գերբնական ուժերի տիրապետման զգացողություն է առաջացնում: Ասում են, թե սովորաբար պատերազմի ժամանակ զինվորներին են տալիս՝ հոգնածություն չզգալու եւ առավելագույն ուժով կռվելու համար:

Այժմ Հայաստանում թմրադեղերի շուկան, կարծես թե դուրս է եկել վերահսկողությունից եւ ով, ինչպես կարողանում բիզնես է անում:

Ամենից սարսափելին այն է, որ այս ճանապարհով թմրադեղեր են ձեռք բերում հիմնականում երիտասարդ տղաները, իսկ քանի որ երիտասարդների ֆինանսական միջոցները սովորաբար սուղ են լինում, նրանք գնում են ամենաանորակ եւ վտանգավոր դեղամիջոցները, որոնք անդառնալի հետեւանք կարող են ունենալ առողջության վրա: Տվյալ դեղերի ազդեցության տակ մարդիկ դառնում են առավել ագրեսիվ, դյուրագրգիռ եւ անկառավարելի: Բազմաթիվ ինքնասպանությունների եւ կռիվների ետեւում հաճախ թաքնված է լինում նման դեղերի ազդեցությունը: