Նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ էր հրապարակել «Վանդալիզմ՝ Քարահունջում ոլորտի պատասխանատուներն ապազգային են…» վերտառությամբ, որում երեւում է՝ Քարահունջի քարերին կարմիր ներկով գրառումներ են կատարվել:
Araratnews.am-ը պարզաբանման նպատակով գրավոր հարցում էր ուղղել մշակույթի նախարարությանը: Ի պատասխան մշակույթի նախարարությունից տեղեկացնում են՝ քարերի (մեգալիթյան քարեր) վրա կարմիր ներկով տարբեր գրառումները կատարվել են 2018 թ. մայիս-հունիս ամիսներին, որին անմիջապես հաջորդել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի աշխատակիցների կողմից առաջնահերթ միջամտությամբ հրատապ մաքրման աշխատանքներ, որի նպատակն է եղել հուշարձանը զբոսաշրջիկներին չներկայացնել նման ոչ պատշաճ վիճակում:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հետքերը (ներկի որոշ մասը) ներքաշված են քարատեսակի ծակոտկեն հատվածներում, և դրանց հեռացումը պահանջում է նաև քիմիական եղանակներով տեխնոլոգիաների կիրառում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՊՈԱԿ-ի տնօրինության հետ, կատարել լրացուցիչ մաքրման աշխատանքներ՝ հրավիրելով համապատասխան այլ մասնագետներ (նախատեսվել են նաև դրամական միջոցներ):
Նախարարության պատասխանից նաև տեղեկանում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը 2018 թ. սեպտեմբերի 11-ին դիմել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ հուշարձանները վնասած անձանց
հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Սոնա Դավթյան