Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Իջևանի անկարգությունների մասին

    ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Իջևանի անկարգությունների մասին

    ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Իջևանի անկարգությունների մասին
    Հուլիս 19, 2019 11:35 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

    Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ: 13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:

    Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու  նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

    Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական  տալու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կոմիտեն կտեղեկացնի լրացուցիչ։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top