Գլխավոր Իրավական ՔԿ. Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է

ՔԿ. Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է

1
0

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 28-ամյա բնակչին: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Ապրիլի 12-ին` ժամը 19:50-ին, 20:50-ին և 20:55-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են դիմել երեք անչափահասներ, որտեղից վերջիններս տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերություն:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Մուշի բաժնում 2019 թվականի ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երեք անչափահասները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Դեպքի օրը՝ 2019 թվականի ապրիլի 12-ին, իրավապահներին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը և հայտնել, որ վերոհիշյալ երիտասարդների հետ ինքն է  վիճաբանել, որի ժամանակ էլ դանակով հարվածել է վերջիններիս: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ երեք անչափահասներին դանակահարելու կասկածանքով, և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ուղևորափոխադրումներով զբաղվող 28-ամյա երիտասարդի և ուղևորի միջև ճանապարհին տեղի է ունեցել վիճաբանություն ու քաշքշուկ, հնչել են հայհոյանքներ, երիտասարդ ուղևորը վիրավորելով ու քաշքշելով մեքենայից դուրս է հանել վարորդին:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որոշ ժամանակ անց,  հիշյալ ուղևորի եղբոր որդին  6-7 երիտասարդների հետ հանդիպել է վարորդին, որի ժամանակ առաջացած վիճաբանության  ընթացքում էլ 28-ամյա վարորդը դանակի հարվածներ է հասցրել վերոհիշյալ երեք անչափահասներին:

Պարզվել է, որ վիճաբանությանը մասնակցած երիտասարդները բոլորն էլ Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչներ են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: