Գլխավոր Իրավական ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ (տեսանյութ)

ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ (տեսանյութ)

2
0

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից   խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:

Քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի  խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ, այդ թվում՝ կապի այն միջոցները, որոնք օգտագործվել են վերը նկարագրված հանցագործությունը կատարելիս:

Խուզարկությունների անակնկալ կատարումը թույլ է տվել պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («волчок), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված «նայողի խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:

Խուզարկությամբ հայտնաբերված իրերն առգրավվել են: Միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկում արգելված իրերի հայտնվելու ուղիները, մեխանիզմները և դրան առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար  կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն