Գլխավոր Լուրեր Քննարկվել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցեր

Քննարկվել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցեր

2
0

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երեւանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային եւ ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին եւ պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել կենսաչափական անձնագրերի ներդրման, սահմանային հսկողության բարելավման եւ երկրի հյուսիսային սահմանային անցակետերի արդիականացման հարցում:

Կարել Հոֆսթրան ընդգծել է նաեւ, որ Եվրամիության աջակցությամբ
շուտով կսկսվի Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման գործընթացը:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը ոչ միայն տեխնիկապես է պատրաստ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, այլ նաեւ՝ քաղաքականապես, քանի որ անցյալ տարվա քաղաքական փոփոխություններից հետո մեր երկիրն աննախադեպ առաջընթաց է
արձանագրել մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատության պաշտպանության հարցում, ինչը վիզաների ազատականացման գործողությունների պլանի հիմնական պահանջներից մեկն է:

Նա հավելել է, որ 2018 թ. Եվրամիության երկրներից ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը 2017-ի համեմատ կրճատվել է ավելի քան երեք անգամ, եւ եթե այս դինամիկան պահպանվի, ապա կարող ենք արձանագրել, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար որեւէ քաղաքական խոչընդոտ չկա:
Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով մի կողմից բարձրացնել հասարակության իրազեկվածությունը վիզաների ազատականացման գործընթացի նրբությունների մասին, մյուս կողմից ԵՄ անդամ երկրներին ավելի հանգամանալի ներկայացնել գործընթացին՝ Հայաստանի պատրաստվածության աստիճանը: