Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն

    Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն

    Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն
    Մայիս 31, 2019 13:24 Լուրեր, Վերլուծական A+ / A-

    Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո Քոչարյանը շտապեց հրապարակայնորեն հայտարարել, որ վերադառնում է քաղաքականություն։ Ամիսներ անց՝ կալանքից երկրորդ անգամ ազատվելուց հետո, Քոչարյանը կրկին հրապարակայնորեն, այս անգամ սակայն «համակիրների» ներկայությամբ է հայտարարում, որ վերադառնում է  քաղաքականություն։

    Հայաստանյան քաղաքական իրադարձություններին հետևողները, գոնե 2008-ից հետևողները գիտեն, որ Քոչարյանը մեծ հաշվով որևէ տեղ չէր հեռացել քաղաքականությունից։ Ինչքան էլ զարմանալի թվա կարծրատիպային ՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան անխափան տանդեմի մասին պատկերացումների ֆոնին, բայց Սերժ Սարգսյանի իշխանության դեմ տարատեսակ ֆորմատներով Քոչարյանն իրեն դրսևորել է կամ դրսևորել է այդ ֆորմատներում պայքարողներին իր աջակցությունը նախորդ տասը տարիների ընթացքում։  Բայց սա այլ քննարկման թեմա է։

    Ենթադրենք՝ Քոչարյանն իսկապես վերադարձել է, ինչպես ինքն է ասում, 10 տարվա ընդմիջումից հետո։ Ժամանակակից աշխարհում, երբ հագուստի մոդելավորումից սկսած, ավտոարտադրությամբ ու ֆիլմարտադրությամբ վերջացրած տարածված է դարձել անցյալին երբեմն վերադառնալը, անցյալին հղումներ անելը, ռետրոսպեկտիվ հայացքը, վերադարձը որոշակի արժեք է ձեռք բերել։ Մյուս կողմից էլ՝ հայաստանյան քաղաքական դաշտն արդեն ունի 10-ամյա լռությունից վերադարձի հաջողակ պատմություն։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ վերադարձավ 2007-ին։

    Արդյոք, սակայն, սա նշանակո՞ւմ է, թե ամեն վերադարձ երաշխավորում է հաջողակ պատմություն, ամեն տասնամյա լռություն երաշխավորում է նույնքան հանրային պահանջարկ։ Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հաջողությունը քաղաքական դաշտում պայմանավորված էր միայն տարիների լռությամբ ու վերադարձո՞վ, թե սրանք ընդամենը հարակից հանգամանքներ են, պիտանի գեղարվեստական պատումի ժանրում, բայց ոչ ռացիոնալ քաղաքականության։

    Իրականությունը, սակայն, այն է, որ 2007-ին Հայաստանում ձևավորվել էր մի իրավիճակ, երբ հասարակության մի ստվար հատված մի կողմից, քաղաքական ուժերի մեկ այլ խումբ մյուս կողմից ՝2008 թ. ընտրություններից առաջ ուներ հստակ գիտակցումը, որ եթե հիմա չքանդվի իշխող համակարգը, ապա հետագայում գուցե այն քանդել չստացվի, եթե այդ պահին չստացվի կանգնեցնել բացառապես իշխող համակարգի ներքին բարքերով տեղի ունեցող իշխանության ժառանգորդման ցիկլը, գուցե հետո դա կամ չստացվի կամ ստացվի բավական ուշ։ Ավելի պարզ ՝ կար մի կողմից հասարակական պահանջարկ, մեկ այլ կողմից քաղաքական որոշակի ուժեր, ովքեր պատրաստ էին կոնսոլիդացման։ Այդ պահանջարկին ընդառաջ քաղաքական առաջարկ հնչեցնելով ու քաղաքական այդ ուժերի հետ համագործակցելով է, որ Տեր-Պետրոսյանի վերադարձն այդքան արդյունավետ ստացվեց։ Չլինեին այդ երկու հանգամանքները, Տեր-Պետրոսյանը կամ մեկ այլ ոք չէր կարող վերադառնալ, ոչ միայն 10, այլև 20 տարուց։

    Կա արդյո՞ք առկա իրավիճակը ճեղքելու, այն փոխելու հասարակական այնպիսի պահանջարկ, որի վրա կարելի լինի կոնսոլիդացնել հակաիշխանական շարժում։ Մի կողմ թողնենք Քոչարյանին։ Վերցնենք պայմանական Պետրոս Պետրոսյանին, որն ունի քաղաքական ամբիցիաներ։ Արդյոք իրատեսական ու ռացիոնա՞լ է, որ համաժողովրդական հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց հնարավոր է նման հասարակական պահանջարկի գոյությունն ու առավել ևս դրա վրա հակաիշխանական բևեռի ձևավորումը, այնպիսի բևեռի, որ ունակ լինի առնվազն 2007-2008-ի ուժգնության կեսի չափով ցնցել համակարգը։ Պատասխանը, իհարկե, բացասական է, թե պայմանական Պետրոս Պետրոսյանի, թե Քոչարյանի համար։ Ավելին ՝ այն բացասական է, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք այն կանխատեսումները, թե իշխանության վարկանիշն առաջվանը չէ։

    Երկրորդ հարցը ՝ կան արդյոք բավարար քանակի և որակի քաղաքական ուժեր, որոնք կարող են հենարան լինել Քոչարյանի համար։ Միամտություն է կարծել, թե Դաշնակցությունն ու ՀՀԿ-ն այդ ուժերն են։ Հիմա, իհարկե, նրանք ունենալով մեկ հակառակորդ ՝ ի դեմս իշխանության, առնվազն իրար հետ չեն հակամարտում, ավելին հաճախ խաչվում են նրանց ճանապարհները։ Բայց Դաշնակցության յուրատեսակ գործելաոճը հուշում է, որ նրանք պարզապես արդյունավետ խաղում են այն իրավիճակում, որում են, փորձելով հնարավորինս շատ բաներ կորզել իրենց համար։ Իսկ ՀՀԿ-ն։ Դժվար է կարծել, որ ՀՀԿ-ն կարող է դառնալ Քոչարյանի հենարանը, քանի դեռ այն Սերժ Սարգսյանի հենարանն է։ Գուցե գործընկերը, բայց ոչ հենարանը։ Այդպիսի հենարան չեն նույնիսկ այն ուժերը, որոնք ըստ օդում կախված լուրերի ֆինանսավորվում են Քոչարյանի կողմից մեդիադաշտում քարոզչություն իրականացնելու համար։ Թե՛ այս վերջին խմբից, թե՛ վերոթվարկյալ ուժերից որևէ մեկին հնարավոր չէ գտնել Քոչարյանի և համակիրների հանդիպման տեսանյութերում։ Պատճառը, կարծում ենք, պարզ է՝ նույնիսկ նրա հետ համագործակցողները պատրաստ չեն դա անել հրապարակավ։

    Քաղաքական իրավիճակի գնահատականը հուշում է, որ Քոչարյանն այժմ իր համար հաջողակ ելքով վերադարձի ռացիոնալ հնարավորություն չունի։ Միայն վերադարձի միֆական հանգամանքը բավարար չէ։ Ավելին, ինչպես տեսնում ենք, նախորդ իշխող համակարգի ներքին հարաբերություններն այնքան բարդ են եղել, որ հիմա արդեն ՝ իշխանությունից դուրս հայտնվելով նրանք այդպես էլ չեն կարողանում միասնական ֆորմատ ձևավորել, ինչքան էլ որ նրանց միատոն հռետորաբանությունը դրսից չթվա կազմակերպված ու մեկ կենտրոնից կառավարվող։ Գուցե մեկ կենտրոնից ֆինանսավորվող, բայց քաղաքականության մեջ փողը ամեն ինչ չի որոշում, շատ բան որոշում է, բայց գլխավորը՝ ոչ։ Ըստ այդմ Քոչարյանը կամ կվերադառնա, բայց ինչպես ինքն էր ժամանակին ասում՝ շարքային ընդդիմադիրի կարգավիճակով, կամ էլ վերադարձ ասելով Քոչարյանը հասկանում է այլ բան, օրինակ իրավական գործընթացում իր համար հաջող ելք, որի ճանապարհին թեկուզև շարքային ընդդիմադիր-քաղհալածյալի կերպարը գուցե պետք գա։

     


    Նման թեմաներ

    scroll to top