Գլխավոր Լուրեր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տնօրենի նոր ԺՊ ունի

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տնօրենի նոր ԺՊ ունի

3
0

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Կարինե Ավդալյանը, որը 15 տարի ղեկավարել է բուհի մասնաճյուղը, դեկտեմբերի 28-ին ավարտեց պաշտոնավարման ժամկետը: Վերջինիս նկատմամբ հարուցվել է նաև քրեական գործ: Մինչ այս արդեն բավական երկար ժամանակ բուհում լարված իրավիճակ էր: Դեկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունը կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի անդամներին ներկայացրին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն է, որը նախկինում եղել է նույն բուհի դասախոս: 5 տարի առաջ Հասմիկ Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին, նշեց, որ կա որակի խնդիր, սա գլխավոր հարցն է, որ պիտի հուզի, իսկ անձերն այս պարագայում էական չեն։ «Ուսանողները չեն կարող ստանալ նորմալ կրթություն և գիտելիքներ, եթե չկա նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ կոլեկտիվում։ Եթե բարոյահոգեբանական մթնոլորտը որևէ հաստատությունում կաղում է, ապա այդտեղ հնարավոր չէ ապահովել նորմալ կրթական միջավայր»,- ասաց փոխնախարարը։
Հասմիկ Հարությունյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց նման բարձր պաշտոն վստահելու համար՝ նշելով, որ իր սուրբ պարտականությունն է հետևել գիտելիքների ձեռք բերմանն ու դասավանդմանը, քաղաքի մշակութային մթնոլորտի բարելավմանը։
«Ուսանողներին բարեմաղթում եմ միայն ուսումնառություն, գիտելիքների ծարավ, իսկ ստեղծագործական դաշտն առաջ քայլելու ու աշխատանքից գերագույն հաճույք ստանալու լավագույն դաշտն է: Խոստանում եմ՝ միայն ծառայել, նպաստել ու աջակցել գիտելիքի, գիտության ու մեր քաղաքի մշակութային մթնոլորտի բարելավմանը: Սա պետք է լինի առաքելություն»,- իր խոսքում նշեց Հասմիկ Հարությունյանը:
Արդեն նախկին ռեկտոր Կարինե Ավդալյանը ներկա չէր հանդիպմանը:
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանն էլ տեղի ունեցածը որակեց «շոու», այնուհետ Կոնսերվատորիայի ղեկավարությանը ներկայացրեց իր ազատման դիմումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կատարած բացահայտումներով քրեական գործ է հարուցվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գյումրու մասնաճյուղի տնօրենը կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017թթ. շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացրել է: