Գլխավոր Լուրեր Կրկի՞ն TRiUMPh, կամ արդյոք Թրամփը կվերընտրվի 2020 թվականին

Կրկի՞ն TRiUMPh, կամ արդյոք Թրամփը կվերընտրվի 2020 թվականին

6
0

2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ամերիկյան ամենահայտնի ԶԼՄ-ները ակտիվորեն ներարկում էին Ամերիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդյունքում ձևավորվեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտությամբ պարտության մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016թ. ընտրություններում։ Այս կանխատեսումների գագաթնակետը եղավ «Newsweek magazine»-ի կողմից ամսագրի 125 հազար դեն նետված օրինակները, քանի որ ամսագրի խմբագիրները ոչ միայն որոշել էին հրապարակել «Տիկին նախագահ. Հիլարի Քլինթոնի պատմական ուղին» վերնագրով ամսագրի այդքան օրինակ, այլև արդեն բաշխել էին այդ օրինակները, և ի վերջո ստիպված եղան բոլոր օրինակները ետ կանչել։ Այնպիսի հայտնի պարբերականներ, ինչպիսիք են «The New York Times», «The Washington Post» և «CNN»-ը ակտիվորեն քարոզում էին, որ Հիլարի Քլինթոնը մեծ հավանականությամբ կհաթղի։ Ըստ «CNN»-ի՝ ընտրություններից 24 ժամ առաջ ներկայացրած հարցումների Հիլարի Քլինթոնի հաղթանակի հավանականությունը գնահատվում էր 91%, իսկ Դոնալդ Թրամփինը՝ 9%։ Հիլարի Քլինթոնը 4% ավելի շատ ձայն կհավաքեր քան Թրամփը՝ համապատասխանաբար 46%-42%: «The New York Times»-ի ներկայացրած տվյալներն առանձնապես շատ չէին տարբերվում. վերջինիս տվյալներով Քլինթոնի հաղթանակի հավանականությունը գնահատվում էր 85%, իսկ Թրամփինը՝ 15%: «The Washington Post»-ն անգամ փորձեց հաշվել, թե ինչպես կբաշվեն Ընտրիչների կոլեգիայի ձայները։ Այդ հաշվարկների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը ցանկացած դեպքում կկարողանար հաղթահարել ձայների անհրաժեշտ շեմը՝ ստանալով առնվազն 275 ձայն, մինչդեռ Թրամփը չէր կարողանա հավաքել անհրաժեշտ 270 ձայնը։ Ինչևիցե, չնայած ձևավորված այսպիսի սպասումներին, Դոնալդ Թրամփը հաղթանակ տարավ 2016 ընտրություններում՝ ստանալով Ընտրողների կոլեգիայի 304 ձայն, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 227։ Այնուամենայնիվ, համաժողովրդական ընտրություններում առաջ էր անցել Հիլարի Քլինթոնը։ Վերջինս ստացել էր ձայների 48․5%-ը, ի տարբերություն Թրամփի 46.4%-ի, որը շուրջ 3մլն ձայն է իրենից ներկայացնում։

ԱՄՆ-ում կան որոշ խմբեր, որոնք ընտրություններում քվեարկում են հիմնականում ԱՄՆ հանրապետականների օգտին։ Այս խմբերի թվին է պատկանում զինվորականությունը և նրանց փոխկապակցված անձնինք, ովքեր հիմնականում պահպանողական են։ ԱՄՆ պատերազմի վետերանների շուրջ 60%, իսկ ոչ վետերան զինվորականության 44% 2016թ. ընտրությունների ժամանակ քվեարկել է Թրամփի օգտին։ Պահպանողականների մեկ այլ խումբ, որը նույնպես քվեարկել է Թրամփի օգտին քրիստոնյա-պահպանողական համայնքն է, մասնավորապես՝ Եվանգելիստական համայնքը։ Նրանք աջակցում են Թրամփին հատկապես վերջինիս իսրայելամետ քաղաքականության համար։ Հենց դա է պատճառը, որ Եվանգելիստների 80% 2016թ. քվեարկեց Թրամփի օգտին։

Այսպիսով, 2016թ. ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը իշխանության եկավ և՛ երկպալատ օրենսդիր, և՛ գործադիր իշխանության մարմիններում դառնալով իշխանության միահեծան կրողը։ Սակայն, իրավիճակը փոխվեց 2018թ. միջանկյալ ընտրությունների ժամանակ, որից հետո Դեմոկրատների վերահսկողության տակ անցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (239 դեմոկրատ, 202 հանրապետական ներակայացուցիչներ), մինչդեռ Հանրապետականները իշխանությունը պահեցին Սենատում (53 հանրապետական, 46 դեմոկրատ սենատորներ)։ Հատկանշական է, որ լրատվամիջոցները ընտրություններից առաջ կրկին մեդիադաշտում պատրանք էին ձևավորել, որ ընտրություններ արդյունքում սպասվում է կապույտ ալիք (կապույթը դեմոկրատների խորհրդանշական գույնն է), ինչը այդպես էլ տեղի չունեցավ։
2020թ․ նոյեմբրին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփը դեռևս առաջատար թեկնածուն է։ Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են գնահատում Թրամփի վարկանիշը։ 2017թ. պաշտոնը ստանձնելիս, իր վարկանիշը, ըստ որոշ աղբյուրների, գնահատվում էր 45․5%, իսկ այլ աղբյուրներում՝ 56%: Միջինում, Թրամփի վարկանիշը տատանվում է 40-50%-ի սահմաններում։ Համեմատած նպաշտոնավարման նույն ժամանակահատվածում այլ նախագահների վարկանիշի հետ, Թրամփի վարկանիշը գրեթե նույնական է։
Վերոնշյալից ելնելով, Թրամփը ավելի մեծ շանսեր ունի վերընտրվելու 2020թ. ընտրություններում, քան ուներ 2016թ․ ընտրվելու համար և դրա պատճառները մի քանիսն են։ Նախ, Հանրապետական կուսակցության ներսում նրան այլընտրանք չկա։ Երկրորդը, Դեմոկրատական կուսակցությունում էլ դեռևս չի հայտնվել այն թեկանածուն, որը կարող է մրցել Թրամփի հետ։ Նույնիսկ լիբերալ արժեքները կրող «CNN»-ը ընդունում է այն փաստը, որ Թրամփն ունի բոլոր շանսերը վերընտրվելու համար, միևնույն ժամանակ նշելով, որ միակ դեմոկրատ թեկնածուն, որը կարող է մրցել Թրամփի հետ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է, ով «The Washington Post-ABC News»-ի հարցումների արդյունքներով հաղթում է Թրամփին 53%-43%-ով։ Բայց այս թվերն այդքան էլ հավաստի չեն թվում՝ հաշվի առնելով 2016թ. ընտրությունների փորձը։ Հատկանշական է այն փաստը, որ 21-րդ դարի ԱՄՆ բոլոր նախագահները վերընտրվել են, պաշտոնավարելով 2 անգամ։

Այսպիսով, եթե ներքին կամ արտաքին քաղաքական լուրջ ճգնաժամեր չլինեն, ևս մեկ անգամ հավատարիմ մնալով իր ազգանվանը՝ Թրամփը (to trump անգլերենում նշանակում է գերակայել կամ պարտության մատնել մեկին՝ հաճախ հանրայնորեն) այս պահի դրությամբ 2020 ընտրություններում ունի հաղթանակ տանելու բոլոր շանսերը։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն