Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
23°
Home » editorial » Կյանքը պատերազմից 1 տարի անց. որդու կորստյան ցավի չմորմոքվող վերքերը (տեսանյութ)

Կյանքը պատերազմից 1 տարի անց. որդու կորստյան ցավի չմորմոքվող վերքերը (տեսանյութ)

Ապրիլ 18, 2017 15:32 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց: 2016 թվականի այս օրերին հայ հասարակական ու քաղաքական միտքը շարունակում էր սեւեռված մնալ դեպի հայկական երկրորդ հանրապետությունը: Արցախում թեժ մարտերն ավարտվել էին, հողին էին հանձնում հայ քաջորդիների մարմինները: Տղաներ, որոնք զոհվեցին՝ այդկերպ ամրագրելով երկու պետությունների հետագա գոյությունը: 106 արծիվներ, նրանք մեկ տարի է՝ երկնքից  լուռ հետեւում են: Նրանց մասին չդադարեցին խոսել, երգեր նվիրել: Հայրենասիրությունը սկսվում է սահմանին:  Սա քաջ գիտակցեցին նրանք,  որոնց անունները երբեք չեն մոռացվի: Անցնող մեկ տարվա ընթացքում ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, դպրոցներ ու դասասենյակներ կոչվեցին նրանց անուններով: Հայ քաջորդիները ընկան հերոսի մահով:

Օրերս համացանցում հայտնվեց երգիչ Հրանտ Գեւորգյանի  տեսահոլովակը՝ նվիրված ապրիլյան քառօրյա  պատերազմի զոհերին:  Գեւորգյանը մեզ  հետ զրույցում պատմեց, որ պատերազմի առաջին օրերից է որոշել երգ նվիրել իրական նվիրյալներին:

Տեսահոլովակում քառօրյա պատերազմի զոհերի հարազատներն են: Մարդիկ, որոնց միավորեց անդառնալի կորուստն ու ցավը: Ապրիլյան քառօրյա  պատերազմի ընթացքում զոհված 20-ամյա Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը, նշում է, թե հպարտությամբ է ամեն անգամ խոսում ու հիշում որդու մասին: Տիկին Գայանեի խոսքով՝ հնարավորությունների սահմանում կարողացել  է իրականացնել Ադամի երազանքներից եւ անավարտ գործերից մի քանիսը:

20 տարեկանում ականի պայթյունից զոհվեց զինծառայող Գեւորգ Հարությունյանը: Գեւորգը տան միակ երեխան էր: Մայրը՝ Անահիտ Վանյանը, արցունքն աչքերին պատմում է, որ բանակ զորակոչվելիս որդին բազմաթիվ երազանքներ ուներ: Մորն ասել էր՝ դժվարությունները միասին կհաղթահարենք: Մորս թագուհու պես եմ պահելու՝ որդու խոսքերն է հիշում տիկին Անահիտը: Ամեն ամսի 3-ին մայրն այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այնտեղ է հանգչում Գեւորգը, ով կյանքը զոհեց՝ փրկելով  ջոկատի տղաներին: Գեւորգը միայն ֆիզիկապես չկա՝ ասում է մայրը՝ ձեռքը  տանելով դեպի որովայնը: Մոր կրծքի տակ նոր կյանք է բաբախում:  Մի քանի ամսից լույս աշխարհ կգա Գեւորգը՝ Անահիտ Վանյանի Գեւը:

Կյանքը պատերազմից հետո շարունակվում է, շատերի համար առօրեական դարձած, բայց ո՛չ որդեկորույս մայրերի: Մեկ տարի է՝ նրանց ճանապարհները խաչվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Մարդկային տարբեր ճակատագրեր ունեցող մայրերին միավորում է լուռ ցավը, որդիների կորստյան ցավը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top