Գլխավոր Լուրեր Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր Սասուն Գրիգորյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր Սասուն Գրիգորյանը

14
0

831317

Հայ գրականությունը ցավալի կորուստ է կրել. կյանքի 79­րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, 1974 թ.­ից ՀԳՄ անդամ Սասուն Սերոբի Գրիգորյանը: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչությունից, Սասուն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 8­ին, ժամը 13. 00­ին, «Լուար» սգո սրահից (հասցեն՝ Հասրաթյան 29/6, Շահումյան գերեզմանոցի ճանապարհին): Սասուն Գրիգորյանը ծնվել է 1937 թ. հունվարի 15­ին, Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ): Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիոպետկոմում։ 1996 թ. հիմնել է Մեծ եղեռնի և Հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան­ինստիտուտը, որտեղ գիտականորեն ուսումնասիրվում, հրատարակության են պատրաստվում Մեծ եղեռնի, ստալինյան բռնությունների, Մեծ հայրենական և աֆղանական պատերազմների, Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանության ժամանակ զոհված, անհայտ կորած, գերված՝ ոչ միայն գիտության, գրականության, մշակույթի, ռազմարվեստի, հասարակական­քաղաքական, պետական գործիչների, այլև շարքային զինվորների մասին փաստավավերագրական նյութեր, որոնք ամփոփված են գրքերում։ Նա Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության փոխնախագահն էր, «Ուխտատուն» թանգարան­ինստիտուտի տնօրենն ու գիտական խորհրդի նախագահը, նույն կազմակերպության հայկական վարչության նախագահը:

Ս. Գրիգորյանի գրիչը բեղմնավոր էր և բազմաժանր: Նա հեղինակ է բանաստեղծական, պատմագիտափաստագրական, դիմանկարային ակնարկների շուրջ 25 գրքի, այդ թվում՝ «Սասնա պար» (1981), «Կարմիր պանթեոն» (1996), «Դեպի Էրգիր» (2000), «Հավերժախոս պանթեոն» (2004), «Քոնն եմ, հայրենիք» (2004), «Գեներալները» (մատենաշար), «Մուսաները չլռեցին» (եռահատոր), «Հավերժության լուսամատյան (հանրագիտարան)» և այլն: Ս. Գրիգորյանը պարգևատրվել է Մ. Խորենացու անվան մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, մարշալներ Հովհ. Բաղրամյանի, Գ. Ժուկովի, Գ. Նժդեհի, ինչպես նաև Ֆ. Նանսենի, Հ. Մեղապարտի անվան հուշամեդալներով, «Արծիվ մահապարտներ» ՀՄ պատվոգրով, բազմաթիվ այլ պատվոգրերով և շնորհակալագրերով: Սասուն Գրիգորյանի՝ վաստակաշատ գրողի, հրապարակախոսի, նվիրյալ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա նրա մտերիմների, գրչակից ընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում: