Գլխավոր Լուրեր Լավ ապրելու պարզ բանաձևը

Լավ ապրելու պարզ բանաձևը

3
0

Շուտով կլրանա մեր երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության մեկ տարին: Նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններն տվեցին իրենց արդյունքը, ու ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, դարձավ Հայաստանի վարչապետ՝ ղեկավարելով անցումային կառավարությունը: Հեղափոխության եզրափակիչ արարներն էլ տրվեցին Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրություններով:

Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն իրենց հերթին պետք է փոփոխություն մտցնեին մարդկանց հոգեբանության, վարքի, ապրելակերպի և կենցաղի մեջ: Սակայն ամեն ինչ միանգամից չի լինում:

Ինչից պետք է սկսի իշխանությունը, որ մարդը լավ ապրի. մեկը կասի՝ թոշակները բարձրացնելուց, մյուսը՝ աշխատավարձերը բարձրացնելուց, երրորդները կասեն՝ թող հարկեր չլինեն: Ցանկությունները շատ են։ Բայց, ցավոք, ամեն ինչ միանգամից չի լինում:

Իշխանությունը պետք է սկսի կրթությունից: Տարիներ շարունակ հայ քաղաքացիներին դեգրադացրել են անորակ «մեդիաարտադրանքով»՝ «Կիսաբաց լուսամուտներով», անիմաստ սերիալներով զբաղեցրել մարդկանց, և քաղաքացին իր գիտակցությամբ ակամայից վերածվել է ուղղակի բնակչի:

Ապրիլ-մայիսյան զարթոնքից հետո քաղաքացիների մեծամասնությունը սկսեց աշխատել ու սպասել երկրում տեղի ունեցող այն փոփոխություններին, ինչի համար Փաշինյանին և նրա թիմին գործուղել էր կառավարական և խորհրդարանական կաբինետներ:

Մինչդեռ շատերն այս օրերին  հայտարարում են, որ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, բողոքող զանգվածներն օր օրի ավելանում են, իշխանության վարկանիշն էլ նվազում է:

Սկսենք նրանից, որ բողոքի ցույցերն ընդունված երեւույթ են: Եթե նախկինում մարդիկ բողոքում էին, իսկ իշխանությունը դրանք անտեսում էր, հիմա հակառակն է: Եթե որևէ տեղ որևէ բողոքի ակցիա է լինում, իշխանություններն էլ տալիս են պատասխան: Կամ լուծվում են մարդկանց բարձրացրած խնդիրները, կամ գոնե գնահատական է տրվում տեղի ունեցածին: Սա արդեն իսկ փոփոխություն է, երբ մարդը համարվում է արժեք, և նրա բարձրացրած խնդիրները լուծում են ստանում:

Բայց այս ֆոնին կան բողոքավոր այնպիսի խավեր, որոնց բարձրացրած հարցերը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել բանական մարդկանց ուղեղում, օրինակ՝ երգիչների բողոքը՝ կապված հարկեր վճարելու հետ:  Կամ, օրինակ՝ քաղաքացիների խնդիրները՝ կապված դատական ատյանների հետ: Ոչ ոք, անգամ ամենամեծ վարկանիշ ունեցող վարչապետն իրավունք չունի խառնվելու դատավորների գործերին, սա արգելվում է օրենքով:

Դրա համար նախ պետք է կրթել հասարակությանը, բացատրել, հասկացնել, որ եթե չաշխատես, լավ չես ապրի, պետք է հասկացնել, որ բամբասելով, պատերի տակ հայհոյելով էլ լավ չես ապրի, իսկ, այ, ոչխար պահելով մի օր հաստատ լավ կապրես, կամ եթե չունես կրթություն, գոնե բանվոր աշխատելով կկարողանաս ապրել, իսկ եթե ունես կրթություն, բայց չգիտես օտար լեզու, պետք է սովորես, որ մրցունակ լինես աշխատանքի շուկայում և կարողանաս առաջընթաց գրանցել:

Իսկ հարցը, թե այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը, ունի մեկ պարզ պատասխան. հեղափոխությունը նրա համար էր, որ Հայաստանում վերանան քրեական, տնտեսական և քաղաքական էլիտաները, հեղափոխությունը նրա համար էր, որ Հայաստանում վերանան անպատժելիությունը և թայֆաբազությունը, հեղափոխությունը նրա համար էր, որ չթալանվի պետական բյուջեն, ի վերջո, այդ պարզ պատասխանը կարելի է հնչեցնել այսպես՝ հեղափոխությունը նրա համար էր, որ Հայաստանում հաստատվեն օրինական իշխանություն և կարգուկանոն:

Եթե իշխանությունը չի թալանում և չի հովանավորում, այսպես ասած, էլիտաներին, երկրում ստեղծվում է ազատ տնտեսական միջավայր, իսկ այդ դեպքում հաջողության կարող են հասնել միայն կրթված և աշխատասեր քաղաքացիները, իսկ «դիվանի» վրա նստած և սոցցանցերում հայհոյող տիկնայք ու պարոնայք երբեք լավ ապրել չեն կարող:

Հարություն Մկրտչյան