Գլխավոր Լուրեր Լեւոն Սարգսյանի «ուղեկցորդը»՝ փոխնախարա՞ր. Բելգիայում դեմ են

Լեւոն Սարգսյանի «ուղեկցորդը»՝ փոխնախարա՞ր. Բելգիայում դեմ են

23
0

Araratnews.am-ն ամիսներ առաջ անդրադարձել է Բելգիայում ՀՀ դեսպանատան գործունեությանը:

Բելգիայում ապրող մեր հայրենակից, Լյուվենի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, երաժիշտ Տիգրան Մահտեսյանը հայտարարել էր՝ դեսպանատան  պատճառով հայագիտական կենտրոնը Բելգիայում չբացվեց:  Ավելին՝ Թաթուլ Մարգարյանն ու ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը, ըստ Մահտեսյանի, մութ ու կասկածելի ֆինանսական գործարքներ են անում:

Օրեր առաջ Վարոս Սիմոնյանը  «Ֆեյսբուքում»  գրել է, որ իր առաքելությունը Բելգիայի դեսպանատանն ավարտված է:

Այսօր Տիգրան Մահտեսյանից Araratnews.am-ը տեղեկացավ, որ  Վարոս Սիմոնյանին նշանակելու են Հայաստանում Էկոնոմիկայի փոխնախարար: «Բելգիայի մեր պատվիրակությունը, որի անդամ եմ նաև ես, Հայաստանի հետ  պետք է ստորագրի  մի շարք պայմանագրեր: Սակայն մեր պատվիրակությանը, պարզվում է պետք է դիմավորի էկոնոմիկայի նախարարությունը ի դեմս Վարոս Սիմոնյանի: Չեմ  հասկանում՝ ինչ կապ ունի Էկոնոմիկայի նախարարությունը  կրթության, գիտության եւ բժշկության  ոլորտների հետ»,- մանրամասնեց Մահտեսյանը:

Տիգրան Մահտեսյանն ասաց, որ ցանկություն չունեն Վարոս Սիմոնյանի հետ առնչվելու, քանի որ նա  մինչ այս պայմանագրերը ձախողել է  վերոնշյալ պայմանագրերի կնքումը, իսկ հիմա ցանկանում է ինչ-որ ձեւով իր անունը  մաքրել եւ քաղել  հաղթանակի պտուղներն այս գործընթացից:

Մեր զրուցակիցը Վարոս Սիմոնյանի հետ կապված մի դրվագ եւս հիշեցրեց: «Բելգիայում դեսպան Թաթուլ Մարգարյանի նշանակումից հետո, երբ պետք է հայագիտության կենտրոնը չբացվեց, որոշեցին դա անել առանց դեսպանատան: Բայց պետք էր Հայաստանից մեկը գար: Ու գիտեք ո՞վ եկավ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, որպես հայագիտության ներկայացուցիչ: Նրան ամեն տեղ ուղեկցում էր Վարոս Սիմոնյանը: Լեւոն Սարգսյանը եկավ ու այնպիսի անհեթեթ բաներ ասաց, որ այդ կենտրոնի բացումը չեղյալ համարվեց»,- մանրամասնեց Մահտեսյանը:

Մեր զրուցակիցը  նամակով դիմելու է Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի եւ Առողջապահության նախարարություններին՝ իր բողոքը հայտնելու, քանի որ  Վարոս Սիմոնյանն ու Էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի կապ չունեն վերոնշյալ ոլորտների եւ կնքվելիք պայմանագրերի հետ:

Հ.Գ. Պատրաստ ենք լսելու նաև Վարոս Սիմոնյանի, Էկոնոմիկայի նախարարության եւ պատկան մյուս կառույցների արձագանքը:

Սոնա Դավթյան