Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Մահացել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբաններից մեկը՝ Հակոբ Կոթողյանը

    Մահացել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբաններից մեկը՝ Հակոբ Կոթողյանը

    Մահացել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբաններից մեկը՝ Հակոբ Կոթողյանը
    Փետրվար 13, 2018 13:19 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայում 79 տարեկան հասակում վախճանվել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբաններից մեկը՝ պոլսահայ Հակոբ Կոթողյանը։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին իր թվիթերյան միկրոբոլգում գրել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը։

    «Մենք սգում ենք երկրի ամենանշանավոր մաշկաբաններից մեկի՝ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի, այլ անվամբ՝ «Անթև Հակոբի» կորուստը։ Թող Աստված հոգին լուսավորի։ Թող հողը նրա վրա թեթև լինի», – գրել է Դողանը։

    Հակոբ Կոթողյանը ծնվել է 1939թ․՝ Ստամբուլում։ Դեռ վաղ դպրոցական տարիքից սկսել է աշխատել տարբեր արհեստանոցներում։ 1952թ․ մի արծաթագործական արհեստանոցում աշխատելիս նրա աջ թևը մնացել է հաստոցի տակ։ Թևը կորցնելու հետևանքով առաջացած շոկի պատճառով Կոթողյանը թողել է դպրոցը, բայց մեկ տարի անց վերսկսել է դասերը Գումգափուի Բեզջիյան հայկական միջնակարգ դպրոցում։

    Ողջ դպրոցական կյանքի ընթացքում շարունակել է աշխատել՝ արձակուրդներին և հանգստյան օրերին։ Ավելի ուշ ուսանել է նաև Գալաթայի Կենտրոնական հայկական վարժարանում, որտեղ փայլուն ուսումնական առաջադիմության շնորհիվ ամեն տարի լավագույն ուսանող է ճանաչվել։ 1957թ․ ընդունվել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Միևնույն ժամանակ մասնավոր դասեր է տվել ավագ դպրոցի ուսանողներին։

    1963թ․  համալսարանն ավարտել է որպես լավագույն ուսանող՝ ստանալով բժշկի դիպլոմ։ 1964թ․ Ստամբուլի Ջերահփաշայի համալսարանի Մաշկաբանության ամբիոնում սկսել է աշխատել որպես ասիստենտ։ 1969թ․, համալսարանի կողմից ուղարկվել է Գերմանիա։ Չորս ամսում գերմաներեն է սովորել և աշխատանքի անցել Համբուրգի Սաարլանդի համալսարանի մաշկաբանական կլինիկայում՝ անվանի մաշկաբան պրոֆ․ Նյոդլի մոտ։ Կլինիկայում գրանցած հաջողությունների շնորհիվ գերմանական համալսարանի պահանջով Գերմանիայում նրա մնալու ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով։

    1972թ․ վերադարձել է Ջերահփաշայի բժշկական ֆակուլտետ, ավելի ուշ ստացել է դոցենտի, 1979թ․՝ պրոֆեսորի կոչում։ Գերմաներենից բացի ինքնուրույն ուսումնասիրել է նաև ֆրանսերեն և անգլերեն։ Աշխարհի մի շարք երկրներում դասախոսություններ և կոնֆերանսներ է կազմակերպել։ Միջազգային մի շարք պարբերականներում տպագրվել են Կոթողյանի ավելի քան 300 գիտական հոդվածները։ Նա նաև մաշկային հիվանդությունների վերաբերյալ երկու գրքի հեղինակ է։

    Աջ թևը կորցնելուց հետո Կոթողյանը շուրջ երկու տարի համառորեն մարզվել է՝ առօրյա կյանքում և մասնագիտական ոլորտում բոլոր անհրաժեշտ գործողությունները մեկ ձեռքով կատարելու համար։ Հայտնի է, որ նա գիշերային հերթափոխներ է անցկացրել համալսարանում՝ մեկ ձեռքով ներարկիչի մեջ դեղը քաշելու և հիվանդին ներարկելու փորձեր կատարելու համար, իսկ տանը նույնը կրկնել է նարինջներին ջուր ներարկելու միջոցով։ Տանը եղած բոլոր հին ու պատռված լաթերն ու շորերը կարել է՝ մեկ ձեռքով կարել սովորելու համար։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top