Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Մարդասպանություն կլինի, եթե Վճռաբեկը արդարությունը չվերականգնի. բողոք

    Մարդասպանություն կլինի, եթե Վճռաբեկը արդարությունը չվերականգնի. բողոք

    Մարդասպանություն կլինի, եթե Վճռաբեկը արդարությունը չվերականգնի. բողոք
    Ապրիլ 22, 2019 14:50 Իրավական, Լուրեր A+ / A-

    Araratnewws.am-ի խմբագրություն է դիմել Ավանի բնակիչ Լալա Մարգարյանը, որը երկար տարիներ պայքարում է իր սեփականության խախտված իրավունքների վերականգնման համար:

    Լալա Մարգարյանը 2010 թ.-ից դատական ատյաններ է դիմում ընդդեմ Սարգիս Գեւորգյանի, որը, ըստ տիկին Մարգարյանի, ապօրինի խլել է իր հողամասի մի մասը, քանդել միջնապատը եւ այդ հատվածը դարձրել իր տան ճանապարհը:

    «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սարգիս Գեւորգյանի ծնողները տարիներով Լալա Մարգարյանի սկեսրոջ՝ Սարնգյուլ Պողոսյանի թույլտվությամբ զբաղեցրել են Ավան 14 փողոցի թիվ 44/1 տան 17,6 քմ սենյակը, մինչեւ կունենան բարեկարգված բնակարան: Ըստ հանգուցյալ Սարնգյուլ Պողոսյանին տրված սեփականության իրավունքի վկայականի և ըստ օրենքի ժառանգության ընդունման վկայականի` Ավան 14 փողոցի թիվ 44/1 տան ըստ հատակագծի 17,6 քմ սենյակը սեփականության իրավունքով պատկանել է Հայկարամ Մարգարյանին: Սարնգյուլ Պողոսյանի մահից հետո Հայկարամ Մարգարյանը բազմիցս առաջարկել է Սարգիս Գեւորգյանին ազատել սենյակը, սակայն պատասխանող Սարգիս Գևորգյանը պահանջը չի կատարել:

    Սարգիս Գեւորգյանը որպես ապացույց ներկայացրել է փաստաթուղթ, որ այդ 17,6 քմ եւ վիճելի հողակտորն իրենն է, սակայն  Լալա Մարգարյանի խոսքով, ներկայացված փաստաթուղթը միայն 7-րդ փողոցի հարևանների վկայությունն է, որը չի վերաբերում ո՛չ 17,6 քմ սենյակին և ո՛չ էլ վիճելի հողակտորին, այլ հաստատում է, որ նախկին սեփականատերը 1974 թ. գնել է տուն` իր առանձնացված տարածքով և առանձին մուտքով 7-րդ փողոցի կողմից, որին իրենք չեն առարկում և պնդում են: Իրենց հողամասերի բաժանման պատը քանդվել է Սարգիս Գևորգյանի կողմից 2006-ին՝ շինանյութ տեղափոխելու պատճառով և այլևս չի վերականգնվել: Եվ սկսվել է նրա անօրինական տիրապետումը Հայկարամ Մարգարյանի 52 տարվա սեփականությունը հանդիսացող հողատարածքի նկատմամբ, որը կասեցվել է թաղապետարանի և ոստիկանության միջամտությամբ:

    Ինչ վերաբերում է ձեռքբերման վաղեմության ուժով 17,6 քմ սենյակը սեփականության իրավունքով Սարգիս Գևորգյանին հատկացնելուն, ապա դա ևս անհիմն է, քանի որ իրենք երբեք չեն հրաժարվել այդ մակերեսից, ի սկզբանե կանոնավոր կերպով այդ սենյակի նկատմամբ վճարումները կատարվել են իրենց կողմից: Բացի այդ, Սարգիս Գևորգյանը, 15 տարի ապրելով Ռուսաստանում, վերադարձել է 2005-ին, երբ դեռ Սարնգյուլ Պողոսյանը ողջ էր, և թերի մնացած հարցերը կարող էին լուծվել մինչև նրա մահը: Հայկարամ Մարգարյանը 2007 թ. ստացել է ժառանգություն, սակայն մինչև օրս վիճաբանություն է Հայկարամ Մարգարյանի իրավահաջորդի եւ Սարգիս Գեւորգյանի միջեւ:

    Պատասխանող Սարգիս Գեւորգյանն ու նրա ներկայացուցիչ Մակբեթ Կարապետյանն էլ առարկել են հայցվորի հայցի դեմ հետեւյալ պատճառաբանությամբ. «Դեռևս 1974 թ.-ից մինչև օրս վիճելի բնակարանն օգտագործվում է Սարգիս Գևորգյանի ընտանիքի կողմից, այն պարզ պատճառով, որ նախկին տնատիրոջն է վճարվել 16.000 սովետական թղթադրամ, սակայն այն փաստաթղթերով չի ձևակերպվել իրենց անվամբ, չնայած օգտագործվում է իրենց կողմից: Շուրջ 35 տարի է վերը նշված սենյակը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ օգտագործվում է Սարգիս Գևորգյանի ընտանիքի կողմից: Այդ տարիների ընթացքում իրենց և Հայկարամ Մարգարյանի միջև վեճ չի եղել վերոնշյալ սենյակի օգտագործման հարցում: Տարիներ շարունակ կատարել է վճարումներ կապված 17,6 քմ սենյակի հետ: Հայկարամ Մարգարյանի գործողություններն այդ 35 տարիների ընթացքում ակնհայտորեն վկայում են, որ նրանք հրաժարվել են 17,6 քմ սենյակից: Հետևաբար տվյալ հանգամանքը վկայում է, որ վիճելի բնակարանը պետք է ճանաչվի Սարգիս Գևորգյանի սեփականությունը ձեռքբերման վաղեմության ուժով»: 

    Դատարանը դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ 2010 թ. կարճել է հայցվոր Հայկարամ Մարգարյանի հայցը, իսկ Սարգիս Գեւորգյանի  հայցը՝ մերժել:

    2010-ից հետո՝ 2012-ին,  Հայկարամ Մարգարյանը նորից հայցադիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանող Սարգիս Գևորգյանին վերականգնել կողմերի՝ Երևան քաղաքի Ավան, 14 փողոց, թիվ 44 և 44/1 հասցեում ունեցած միջնապատը: Սակայն դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցադիմումը մի քանի փաստաթղթերի բացակայության պատճառով հետ է վերադարձրել:

    Լալա Մարգարյանը նույն հայցադիմումը նորից ներկայացրել է առաջին ատյանի դատարան նույն պահանջով: Գործը քննել է դատավոր Արսեն Բաբայանը:  Սարգիս Գեւորգյանը հակընդդեմ հայց է ներկայացրել տվյալ հողակտորն իր սեփականությունը ճանաչելու եւ փաստաբանին տրված 180.000 գումարը բռնագանձելու պահանջով: Արսեն Բաբայանը մերժել է  հայցվորի ու պատասխանողի հայցերը: Դրանից հետո տիկին Մարգարյանը  բողոքարկել է վերաքննիչ դատարան, որն էլ բավարարել է հայցը.  Վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության:

    Սարգիս Գեւորգյանն է«  Վերաքննիչ դատարանի  վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, սակայն նա գործը վարույթ չի ընդունել, քանի որ բավարար փաստեր չկային բողոքը վարույթ ընդունելու համար: «Քանի որ իմ բողոքը Վերաքննիչը բավարարել էր եւ ետ ուղարկել նոր քննության,  2013 թ. սկսվեց նոր դատավարություն դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ: Դատական նոր քննությունը տեւեց  2018 թվականը»,- մանրամասնեց Araratnews.am-ի հետ զրույցում տիկին Մարգարյանը:

    Դատավարությունում որպես երրորդ կողմ ներգրավված էր նաև կադաստրի պետական կոմիտեն: Դատավոր Էդուարդ Ամալյանը, սակայն, մերժել է Հայկարամ Մարգարյանի հայցն ընդդեմ Սարգիս Գեւորգյանի: «Դատավոր Ամալյանն անգամ եկել, տեղազննություն էր արել, սակայն գլուխը տմբտմբացրել էր, թե վիճելի հատվածում ոչ մի քանդված միջնապատի հետք չկա: Հետո դատարանում հայտարարեց, որ թե՛ ինձ, թե՛ պատասխանող կողմին 2 շաբաթ ժամանակ է  տալիս, որ ապացուցեն՝ ումն է վիճելի տարածքը: Կադաստրի պետական կոմիտեն, որն այդ ժամանակ աշխատում էր մեկ պատուհանի սկզբունքով, ինձ փաստաթուղթ տվեց, որ վիճելի հատվածը Սարնգյուլ Պողոսյանի՝ սկեսրոջս, սեփականության  մեջ է: Դատավորը կադաստրի պետական կոմիտեի փաստը չընդունեց, եւ քանի որ հակասող փաստերը շատ էին, 2014 թ. գործն ուղարկեց դատաշինարարատեխնիկական փորձաքննության: Ես դեմ չէի փորձաքննությանը, իսկ պատասխանող կողմը՝ Սարգիս Գեւորգյանը, դեմ էր: 2 տարի սպասեցինք փորձագիտական կենտրոնի պատասխանին: Այդ ընթացքում փորձագետը եկավ, որ տեղազննություն անի, բայց ինձ հետ «բազար» էր անում: Ասում էր՝ ոչ մի պատի հետք չեմ տեսնում, վիճելի տարածք չկա: Ես հասկացա, որ կաշառվել է նա: Նրան կոպտեցի ու ասացի՝ պահանջում եմ օբյեկտիվ փորձագետի կանչել: Երբ ներս էի մտնում ու դուռը փակում էի, նկատեցի՝ փորձագետը շշուկով զրուցում էր պատասխանող կողմի՝ Սարգիս Գեւորգյանի հետ, չափուձեւեր  անում, կարծես խորհուրդներ էր տալիս: Փորձագետի գնալուց հետո Սարգիս Գեւորգյանը մանր ավազով լցրեց միջնապատի  քանդված տեղը,  իր ոտքի ճանապարհը փակեց, որ իբր այլ ճանապարհ չունի, իր միակ ճանապարհը իմ սեփականության միջով անցնելն է: 2016 թ. փորձագետը կեղծիքներով լի եզրակացություն  տվեց դատարան այն աստիճանի, որ անգամ Երեւանի քաղաքապետարանը միջամտեց: Ես էլ բողոքեցի փորձագիտական եզրակացության դեմ: Քաղաքապետարանի  պահանջով դատը հետաձգվեց: «Սպուտնիկից» լուսանկարներ արվեցին, որն ապացուցում էի՝  վիճելի հողատարածքը ճանապարհ չէ, այլ սեփականություն: Դատարանը, սակայն, այդ լուսանկարներն էլ չընդունեց: Փաստաբանիս էլ դատարանից հեռացրին, իմ  հայցն էլ մերժեցին, այսինքն՝ իմ սեփականության իրավունքը չվերականգնեցին: Սարգիս Գեւորգյանի օգտին էլ մեզանից  գանձեցին 160.000 դրամ սակայն դատարանն արձանագրեց՝ վիճելի տարածքը որեւէ մեկի սեփականությունը չէ»,-  մանրամասնեց մեր զրուցակիցը:

    Լալա Մարգարյանն այս վճիռն էլ բողոքարկեց քաղաքացիական վերաքննիչ դատարան: Սակայն դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ մերժեցին Լալա Մարգարյանի հայցը: Տիկին Մարգարյանն էլ Վերաքննիչ դատարանի վճիռը 2019 թ-ի ապրիլի 8-ին  բողոքարկել է Վճռաբեկ դատարան:  Լալա Մարգարյանը մտավախություն ունի՝ արդարությունը չի վերականգնվի, վերաքննիչ դատարանի վճիռն էլ ուժի մեջ կմնա:  «Մարդասպանություն կլինի, եթե օրենքն ու արդարությունը չվերականգնվեն»,-  ավարտեց իր խոսքը տիկին Մարգարյանը:

    Սոնա Դավթյան


    scroll to top