Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    15°
    Home » Լուրեր » Մարտի 1-ի գործը կարճված չէ. Դավթյան (տեսանյութ)

    Մարտի 1-ի գործը կարճված չէ. Դավթյան (տեսանյութ)

    Փետրվար 9, 2018 12:49 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    2008-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, և այդ քրեական գործի վարույթը կասեցված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

    «Այս քրեական գործի վարույթը կարճվելու որևէ միտում չունի այս պահի դրությամբ։ Այս քրեական գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ,- նշեց նա, հավելելով, որ այս գործի շրջանակներում որևէ նորություն չկա՝ հանրությանը զեկուցելու համար և հավելեց: – Այս քրեական գործի արդյունքների հրապարակայնության ապահովման համար, երբ հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որևէ անձի դատի տալու խնդիր լիներ, երբ որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, բնականաբար, դրանք կիրացվեին։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Որոշակի արդյունքների, ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»։

    Դիտարկմանը, թե  2008-ից մինչ այժմ տարբեր պաշտոնյաներ նույնն են հայտարարել, սակայն որևէ արդյունք չկա, Դավթյանը հստակ որևէ պատասխան չտվեց՝ առաջարկելով մյուս լրագրողներին ևս հարցեր տալ։

    Այդուհանդերձ, լրագրողները պնդեցին, որ մինչ այժմ մարտիմեկյան դեպքերի ժամանակ 10 մարդու մահվան փաստի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում ոչ մեկը չի պատժվել, առավել ևս՝ կրակելու հրաման արձակողները, դատախազն արձագանքեց.

    «Ժողովո՛ւրդ, եթե դուք պատկերացնում եք, որ մեր հնարավորություններն անսահմանափակ են հանցագործությունները բացահայտելու առումով, ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց դուք տեսնում եք, որ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ ու բազմադրվագությամբ որոշակի ժամանակ կպահանջեն բացահայտման համար։ Իսկ մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին, կարծում եմ, բոլորդ լիարժեք պատկերացում ունեք։ Ինքը բարդ գործ է, հազարից ավելի մարդու հարցաքննության, փորձաքննությունների խնդիր կա»։

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top