Գլխավոր Լուրեր Մատենադարանի արհմիության պահանջները բավարարվեցին

Մատենադարանի արհմիության պահանջները բավարարվեցին

0
0

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը այսօր առաջին անգամ բանակցությունների սեղան է նստել տնօրինության հետ։

Արհմիության օրակարգը հետևյալն էր`

— Գիտաշխատողների հետ կնքված ժամկետային պայմանագրերի փոփոխում անժամկետի,

— Իրագործել 2015 թ. Կառավարության որոշումը և տրամադրել գիտաշխատողներին ամենամյա երկարացված արձակուրդ` 35 օր գոյություն ունեցող 20֊ի փոխարեն,

— Մշակել գիտաշխատողների հաշվառման այլ ձև` գործող ստորագրությունների մատյանների փոխարեն։

Բանակցությունների արդյունքում առաջին երկու պահանջները՝ պայմանագրերի ժամկետների և արձակուրդի երկարացման հետ կապված, փաստացի բավարարվել են, իսկ հաճախելիության հաշվառման ձևի հետ կապված արհմիությունն ու տնօրինությունը համաձայնության են եկել փոխարինման առաջարկով դիմել համապատասխան ատյաններ։

Հիշեցնենք, որ նշված պահանջներով Մատենադարանի աշխատողների արհմիությունը դիմել էր տնօրինությանը հունիսի 12-ին։ Արհմիությունն այս մասին հայտարարություն էր տարածել ֆեյսբուքյան էջի միջոցով՝ ընդգծելով հատկապես ժամկետային պայմանագրերի հետ կապված խնդիրը։

«Գիտության և կրթության ոլորտում երկարատև աշխատանքային հարաբերությունները ժամկետային պայմանագրերով կարգավորելու ավանդույթը ներդրվել է իշխանությունը բռնազավթած նախորդ ռեժիմի կողմից: Սա իր մեջ վտանգավոր դիտավորություն էր պարունակում ոլորտը կախվածության մեջ դնելու և այնտեղից եկող հնարավոր դիմադրությունը բացառելու: Աշխատանքային ժամկետի մոտալուտ սպառումը դամոկլյան սուր է՝ կախված աշխատողի գլխավերևում: Նման համակարգը սպանում է մարդու մեջ հավատը ապագայի նկատմամբ՝ տեղը լցնելով վախ և անորոշություն, կտրում է աշխատողի և աշխատանքի միջև կապը՝ երկարաժամկետ ստեղծագործականության փոխարեն նեղ առօրեական հրամայականներ դնելով աշխատանքի հիմքում:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 3-ի 8-րդ կետը օրենսդրության հիմնական սկզբունքներից մեկն է հռչակում «աշխատանքային հարաբերությունների կայունությունը»: Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ «աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»: Այդ դեպքերի մեջ ներառված չէ կրթության և գիտության աշխատողների աշխատանքը: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով», — նշված էր Արհմիության հայտարարության մեջ։