Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մայր Աթոռում եպիսկոպոսներ են ձեռնադրվել և օծվել

    Մայր Աթոռում եպիսկոպոսներ են ձեռնադրվել և օծվել

    Մայր Աթոռում եպիսկոպոսներ են ձեռնադրվել և օծվել

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ մայիսի 12-ին, Ս. Տրդատի բաց խորանում մատուցված Հայրապետական Ս. Պատարագի ընթացքում տեղի է ունեցել եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

    Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճանի են արժանացել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

    Սուրբ Պատարագը սկսվել է Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքն առաջնորդվել են դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվել է Սրբազան Խորհուրդը:

    Արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ուխտավորներ Գերմանիայի Հայոց թեմից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, ինչպես նաև Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հիշյալ երկրների միջեկեղեցական կառույցների պատվիրակներ:

    Նախորդ օրը կեսօրին Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվել է ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրել են իրենց երդմնագրերը:

    Նույն օրը երեկոյան Բաց խորանի առջև կատարվել է ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայել են Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ավստրիայից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ:

    Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները:


    scroll to top