Գլխավոր Լուրեր Մայր տաճարում ճարտարապետները բացառիկ բացահայտումներ են արել

Մայր տաճարում ճարտարապետները բացառիկ բացահայտումներ են արել

1
0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում շարունակվում են վերականգնման աշխատանքները, որոնց ընթացքում մասնագետները բացառիկ բացահայտումներ են կատարել:

Աշխարհում հնագույն քրիստոնեական տաճարի ճարտարապետ-վերականգնողների համաձայն, անցկացված աշխատանքների ընթացքում հերքվել է այն տեսակետը, որ ի սկզբանե սրբությունը կառուցվել  է քառանկյուն կամ ուղղանկյուն հատակագծով, այսինքն՝ ըստ բազիլիկ տիպի: Հենց այս կարծիքին էին տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ ճարտարապետներ:

Մյուս բացահայտումը վերաբերում է տաճարի  սյուներին, որոնք թվագրվում են 4-րդ դարով: Սվաղի հաստ շերտը հանելուց հետո այնտեղ հայտնաբերվել են քարի վրա փորագրված բացառիկ պատկերներ:

«Ոչ մի վկայություն և  նույնիսկ ենթադրություն չկային, որ տաճարում կարող ենք ունենալ այսպիսի խոյակներ՝ զարդարված բուսական զարդանախշի տեսքով քանդակագործական պատկերներով՝ առաջին անգամ օգտագործված քրիստոնեական ճարտարապետության մեջ»,- «Շողակաթ» հ/ը-ին ասել է ճարտարապետ-վերականգնող Ամիրան Բադիշյանը:

Նշվում է, որ հայտնաբերված  պատկերները հայ քրիստոնեական ճարտարապետության նմուշներ են, որոնք կարող են դասվել 5-րդ կամ 4-րդ դարին:

Տաճարի վերականգնումն ավարտելուց հետո ճարտարապետ Ամիրան Բադիշյանը մտադիր  է այս բոլոր բացահայտումները ներկայացնել առանձին մենագրությամբ: