Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մեր քաղաքացիներն օրեցօր ավելի իրազեկ են դառնում

    Մեր քաղաքացիներն օրեցօր ավելի իրազեկ են դառնում

    Ապրիլ 27, 2017 14:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Arpine

    Araratnews.am-ի զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը մեզ հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործարկման եւ դրա արդյունքների մասին:

    Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի ստեղծման նպատակը ո՞րն է եղել, եւ ի՞նչ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ:

    Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործարկումը մեկնարկեց ի կատարումն դատաիրավական բարեփոխումների  ռազմավարական ծրագրի և ՀՀ վարչապետի հանձնարարականի: Մեր նպատակն էր տարբեր գերատեսչությունների կողմից քաղաքացիներին մատուցվող մի շարք ծառայությունները հասանելի դարձնել հենց իրենց բնակավայրերում՝ ազատելով նրանց այդ ծառայությունների համար տարբեր մարզերից Երևան հասնելու անհրաժեշտությունից:  Արդյունքում` պետական մարմինների կողմից մատուցվող 67 պետական ծառայություն այսօր հնարավոր է ստանալ նաև միասնական գրասենյակում:

    Այդ ծառայությունները քաղաքացիներին հասանելի դարձնելու ուղղությամբ առ այսօր կատարել ենք մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ իրավական հիմքեր ենք ստեղծել պետական ծառայությունները մասնավոր սեկտորին պատվիրակելու ուղղությամբ, ինչպես նաև վերապատրաստել ենք համապատասխան կազմակերպությունների աշխատակիցներին: Կառավարության որոշմամբ նաև սահմանել ենք հատուկ կնիք, որով հաստատված փաստաթղթերը հավասարազոր են այս կամ այն գերատեսչության կողմից տրված պաշտոնական փաստաթղթերին: Դրանով էականորեն կրճատեցինք այն ժամանակահատվածը, որը կպահանջվեր տվյալ փաստաթուղթը համապատասխան գերատեսչություն հասցնելու, այնտեղ կնքելու և հասցեատիրոջը հանձնելու համար:

    Քաղաքացիներն այս առումով իրազեկվա՞ծ են, թե՞ դեռեւս անելիքներ կան:

    Կդժվարանամ հստակ պատասխանել այս հարցին, բայց փաստ է, որ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է միասնական գրասենյակների, դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը: Նախորդ տարվա նոյեմբերից բացվող գրասենյակների գործարքների վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները օրեցօր ավելի իրազեկ են դառնում գրասենյակների մատուցած ծառայություններից, և, օրինակ, գյումրեցին ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար նախընտրում է Երևան հասնելու փոխարեն դիմել հենց իր քաղաքում գործող «Հայփոստի» գրասենյակ՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ մայրաքաղաք հասնելու համար  ծախսվող ֆինանսական ռեսուրսներ: Բացի այդ, արդարադատության նախարարությունը միջազգային գործընկերոջ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ պատրաստել և լայնորեն տարածել է անիմացիոն տեսահոլովակներ, որտեղ ներկայացվում են այն առավելությունները, որոնք ընձեռում են միասնական գրասենյակները ՀՀ հեռավոր բնակավայրերի մեր բնակիչներին: Նշեմ նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (http://moj.am/services/service_offices) առկա է հատուկ բաժին, որտեղ ներկայացված են միասնական գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը և ՀՀ այն մարզերն ու բնակավայրերը, որտեղ արդեն իսկ գործում են այդ գրասենյակները:

    Առաջիկայում Հայաստանի ո՞ր վայրերում է նախատեսված նման գրասենյակների գործարկում:

    Այսօր գործարկված միասնական գրասենյակների թիվը 41 է, որից 15-ը՝ Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծինում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում: Այդ ծառայությունները մատուցում են մասնավոր օպերատորները՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները:

    Գրասենյակներ գործարկելու գործընթացը շարունակական է, և առաջիկայում  դրանց թիվն ավելանալու է:


    scroll to top