Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես

    Մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես

    Մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես
    Հուլիս 9, 2018 13:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կրթական համակարգի խնդիրների բարձրաձայնումը, թերությունների վերհանումն ու անաչառ քննարկումն այն ուղին է,  որով հարկ է օժանդակել, արագացնել առավել ռացիոնալ լուծումների որոնումն ու ներդրումն այս ոլորտում. այս մասին նշեցին «Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկման հյուրերը՝
    արձանագրելով, որ այսօր նոր կառավարությունն էլ կարծես ուշադիր է հանրային քննարկումներին և հույս կա, որ նշված խնդիրները, առաջարկներն ու լուծումները նպաստելու են համակարգի հիմնային բարեփոխմանը:

    Երևան Տոնավաճառ

    «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս հանդիպմանը հրավիրված էին կրթության կազմակերպիչներ, փորձագետներ, ուսուցիչներ, դասախոսներ և կրթության խնդիրներով շահագրգիռ անձինք:
    Բանախոսների ախտորոշմամբ՝ կրթության ոլորտում կատարված աշխատանքներն այս տարիներին եղել են տարերային, չեն կատարվել համակարգային հետազոտություններ՝ նոր սերնդի երեխայի կերպարի, նոր մասնագիտական որակների, ապագայի պահանջների և մարտահրավերների: «Արդյունքում մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես. եթե մի տեղից ջուր է կաթում, գնում-նորոգում է այդ խողովակի այդ մասը, հետո
    տեսնում է, որ մի այլ տեղից էլ է կաթում, էնտեղ է փորձում նորոգել, մինչդեռ երևի թե լուծումը ընդհանուր խողովակաշարը փոխելն է, որովհետև այսպես անընդհատ կրթական ռեֆորմների մեջ ենք»,- նկատեց ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

    «Այն, ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող
    ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն, եթե ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ: Հիմա եթե դուք ֆեյսբուքով նայեք, թե ինչ են առաջարկում մեր ԿԳ նախարարին, բոլոր առաջարկները առաջարկ են դեպի հետ: Հետ գնանք տասնամյա կրթության, այդ առարկաները, որ
    վերջին տարիներին մտցրել են, հանեք, այդ քննությունները, թեստերը հանեք, հետ բերեք շարադրություն, թելադրություն, համակարգչով որ թվանշաններ եք դնում, հանեք, մատյանից, թղթից լավը չկա, էդ դպրոցական խորհուրդներն ինչ թիթիզություն են, վերացրեք, ևն, ևն»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

    «Խորհրդային շրջանում (հետխորհրդայինն էլ շատ չի տարբերվում) հաջողության հասնում էին նրանք, ովքեր փախչում էին կրթական համակարգից,- հիշեցրեց ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը,- դրանով կյանքն էին սովորում, կյանքի հետ կապն էին սովորում: Նրանք, ովքեր լավ սովորողներն էին
    դասարաններում, որ շատ գիրք էին կարդում, նրանք շատ հաճախ ունենում էին իդեալներ, բայց չէին ունենում ունակություններ այդ իդեալները կյանքի կոչելու: Իսկ նրանք, ովքեր դժբախտաբար չէին ունենում իդեալներ, քանի որ այդ համակարգից փախչում էին, դրա շնորհիվ սովորաբար կամային հատկություններ էին կարողանում պահպանել
    և հարց լուծող էին դառնում»:

    «Իրականում, եթե մենք մանկապարտեզում ու տարրական դպրոցում երեխեքին հաշմանդամ չդարձնենք, եթե մեր կրթության ոլորտում դադարի տիրել արիության ու բարոյականության այս համատարած անկումը, մենք հրաշալի արդյունքներ կունենանք. մենք դրա ներուժն ունենք»,-նշեց «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն
    Պողոսյանը: «Եվ պիտի հաշվի առնենք, որ այսօրվա աշխարհին պետք են մարդիկ, որ ունեն ոչ միայն գիտելիք, այլև՝ բարձր բարոյականություն»,- իր ելույթում ասաց «Քայլ առ քայլ» միջազգային ընկերակցության խորհրդատու Ռուզաննա Ծառուկյանը:

    Բանախոսները ոչ միայն ախտորոշեցին, այլև՝ ներկայացրին բուժման իրենց տեսլականները: «Առաջին հերթին«փակենք» մանկավարժական համալսարանը: Դա այն կառույցն է, որի պատճառով մեր ուսուցչի վարկանիշն ընկել է,- սարկազմով առաջարկեց Ս.Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա դառը դիտարկում է՝ անձնական ուսուցչական
    կենսափորձից,- պետք է բարձրացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը… քանի որ դա ևս, ինչպես ռազմական ոլորտը, անվտանգության երաշխիք է: Եվ պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»:

    Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ մեծ է խզումը փաստաթղթերի և իրականոթյան միջև. «Ինձ համար կարևոր չի՝ ինչ է գրված փաստաթղթերում: Ինձ համար կարևոր է, թե ինչպես է ուսուցիչը խոսում աշակերտի հետ, ինչպես են ուսուցիչները խոսում իրար հետ, ոնց է մարզպետը վերաբերվում դպրոցի տնօրենին, ինչ բառապաշարով է հետը
    խոսում: Երբ այդ հարաբերությունների որակը բարձրանա, կրթությունն էլ անպայման կբարձրանա՝ հասնելով զարգացած կրթությամբ երկրների մակարդակին»:

    «Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից»,- առաջարկեց Ա.Աթայանը:

    Ամփոփելով՝ բանախոսներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած այս և հաջորդ հանդիպում-քննարկումների ընթացքում ձևակերպված խնդիրներն
    ու լուծումները հաշվի կառնվեն պետական մարմինների կողմից՝ արագացնելով երկար սպասված առաջընթացը:

    «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»-ը մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման
    ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է ակտիվ քաղաքացիների և տարբեր ոլորտների մասնագետների երկխոսությունների,
    հանդիպումների, քննարկումների արդյունքում ստանալ խնդիրների ձևակերպումներ և լուծումների առաջարկներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top