Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Մի քանի բան նվազագույն աշխատավարձի մասին ֆեյսբուքյան քննարկումների վերաբերյալ

    Մի քանի բան նվազագույն աշխատավարձի մասին ֆեյսբուքյան քննարկումների վերաբերյալ

    Մի քանի բան նվազագույն աշխատավարձի մասին ֆեյսբուքյան քննարկումների վերաբերյալ
    Հունիս 20, 2019 20:29 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախագահ Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան էջից:

    Մի քանի բան նվազագույն աշխատավարձի մասին ֆեյսբուքյան քննարկումների վերաբերյալ

    Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
    Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000-ից դարձնել 63,000 դրամ։

    Ի՞նչ գնահատականներ են տվել պետական կառավարման համակարգի մարմինները։ Կիսելով կոլեկտիվ պատասխանատվությունը՝ ուզում եմ հստակեցնել, որովհետև մեր նախարարությանն է վերագրվում մի բան, որի հեղինակը մենք չենք։

    ▶️ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ասել է՝ «օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան, բայց առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից պահանջվող հավելյալ ծախսերի մասով կարևորում են ՀՀ ֆինանսների նախարարության կարծիքը»։
    ▶️ Արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունում նշում է, որ պետք է նախագծի 1-ին հոդվածում ճիշտ նշել օրենքի հերթական համարը («ՀՕ-66» թիվն անհրաժեշտ է փոխարինել «ՀՕ-66-Ն» թվով), ինչպես նաև Նույն հոդվածում «1-ին հոդվածի 1-ին մասում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին հոդվածում» բառերով, քանի որ օրենքի 1-ին հոդվածը մասեր չունի։
    ▶️ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ասում է՝ «նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի ամսական աշխատավարձի 63000 դրամի սահմանումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի»։
    Նաև ներկայացնում է հետևյալ նկատառումը, որը ներկայացնում եմ ամբողջությամբ․ «Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ «63,000» դրամը փոխկապակցվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2019թ. I եռամսյակի միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով https://www.armstat.am/file/article/sv_03_19a_6200.pdf (ընդ որում այն հավասար է 63 550 դրամի): Ընդհանուր առմամբ այն որպես ելակետային ցուցանիշ ընդունելի է, սակայն մեթոդաբանության համաձայն վերջինս հաշվարկվում է որևէ եռամսյակի փաստացի միջին ընթացիկ գներով, հետևապես այն սպառողական գների ինդեքսի փոփոխմանը զուգընթաց փոփոխվող է: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության համաձայն աղքատության գծերը ևս ինդեքսավորվում են ըստ պարենային և ոչ պարենային ապրանքների գների ինդեքսի https://www.armstat.am/file/article/poverty_2018_a_6.pdf, էջ 230»: Հետևապես, գների ինդեքսի փոփոխության դեպքում աղքատության վերին և ստորին գծերի վերահաշվարկը, հետևապես և աղքատության մակարդակի ցուցանիշները կարող են և նույնը մնալ կամ չկրել էական փոփոխություն` անգամ նվազագույն աշխատավարձի 63000 դրամի դեպքում: Առավել ևս, որ առաջարկի և պահանջարկի տեսանկյունից վերջիններիս վրա աճի վեկտրով ազդեցությունը կլինի առավելագույնը 1-ինից 4-րդ դեցիլների դեպքում, քանի որ աղքատության գծից վերև գտնվողներն ըստ էության ինքնաբավ են և լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի (հետևապեսև` պահանջարկի և առաջարկի) ավելացմանը, այլ` կուտակմանը»։
    ▶️ ՀՀ ֆինանսների նախարարությունից մենք դեռ չենք ստացել եզրակացությունը։
    ▶️ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ասում է՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը մեր ուշադրության կենտրոնում է, քանի որ աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումը մեր կանոնադրական նպատակն է, ինչպես նաև բնակչության սոցիալական վիճակը բարելավող միջոցառումներից մեկը։
    Նվազագույն աշխատավարձի բարձրացման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով՝ Կառավարության 2019-2023 թթ․ գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագծում նախատեսել է մինչև օգոստոսի 3-րդ տասնօրյակը գնահատել նվազագույն աշխատավարձի բարձրացման հնարավորությունը և մշակել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ։
    Այսինքն՝ ունենք նմանատիպ նախագիծ ներկայացնելու պլաններ, որի համար էլ մեր ենթակայությամբ գործող «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջոցով նախաձեռնել և իրականացնում ենք Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողների վարձատրության շրջանակներում տեղեկատվություն պարունակող տվյալների բազաների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի և աշխատանքի վարձատրության պաշտոնական վիճակագրության երկրորդային տվյալների վերլուծություն և նվազագույն աշխատավարձի միտումների և հարաբերակցությունների գնահատում:
    Մեր կարծիքով՝ միայն այս վերլուծությունից հետո կկարողանանք նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել հիմնավորված չափով։

    Նշելով այս ամենը և հղում կատարելով մեր գործընկերոջը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, առաջարկել ենք նախագիծը հանել շրջանառությունից:

    Չեմ բացառում, որ հաղորդակցության խնդիր կա կառավարության և Ազգային ժողովի միջև, որը պայմանավորված է տարբեր հանգամանքներով։
    Արձանագրենք նաև, որ այդ պահին դեռ չենք ունեցել վերլուծությունը, իսկ հիմա ունենք։
    Նվազագույն աշխատավարձի սոցիալ տնտեսական օրինաչափ մեծության գնահատման համար ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից կիրառվել են չորս այլընտրանքային եղանակներով գնահատումներ։
    Կիրառված եղանակներով նվազագույն աշխատավարձի գնահատված չափերն են՝ սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդով՝ 67,660 դրամ, ըստ ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի ու մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցության եղանակով՝ 64,600 դրամ, նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով՝ 70,142 դրամ, և 2019 թ. մայիսին հարցմանը մասնակցած 1,580 գործատուների առաջադրած միջին մեծությամբ՝ 70,254 դրամ։
    Հաշվի առնելով, որ կիրառված գնահատման եղանակները միմյանց լրացնող են ու միմյանց չհակադրվող, նվազագույն աշխատավարձի վերջնական սահմանման համար մենք դիտարկել ենք բոլոր չորս գնահատման եղանակներով ստացված արդյունքների միջին թիվը, որի արժեքը շուրջ 68,000 դրամ է։

    Եթե ամփոփենք, ապա ՝
    ✅ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 63,000 հազար դրամ։
    ✅ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ասում էր՝ վերլուծությունը կունենանք, կասենք, թե որքան է պետք բարձրացնել։ Հիմա, երբ ունենք վերլուծությունը, ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձ պետք է սահմանել 68,000 դրամը։

    Նորից վերահաստատում եմ, որ մեզ համար սկզբունքային չէ, թե ով կներկայացնի նախագիծը։ Մեզ համար սկզբունքային էր մեր պլանավորած և արդեն ընթացքի մեջ աշխատանքը մինչև վերջ իրականացնելը, որովհետև առանց այդ էլ նվազ ռեսուրսներները պիտի խիստ արդյունավետ և համագործակցաբար օգտագործել։


    Նման թեմաներ

    scroll to top