Գլխավոր Արցախ Մի օր կասեմ, որ կարգավորել ենք ԼՂ հակամարտությունը. Մակրոնը՝ հայ համայնքին

Մի օր կասեմ, որ կարգավորել ենք ԼՂ հակամարտությունը. Մակրոնը՝ հայ համայնքին

7
0

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում: Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով:

«Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ մենք կարգավորել ենք այդ հակամարտությունը»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:

«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշելով և Հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում:

Ամենամյա ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը: