Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Մի շարք խախտումներ «Գորիս» ՔԿՀ–ում

    Մի շարք խախտումներ «Գորիս» ՔԿՀ–ում

    Մի շարք խախտումներ «Գորիս» ՔԿՀ–ում
    Մայիս 21, 2019 19:15 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Սյունիքի մարզի դատախազության կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:

    Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, ստուգման ընթացքում արձանագրվել են մի քանի խախտումներ: Մասնավորապես ԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն իրականացվել ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ: Արձանագրվել է, որ չնայած շենքային անբարենպաստ պայմաններին՝ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ վիճակն ընդհանուր առմամբ բավարար է:

    Պատժախցերը և կարանտինային խուցը ապահովված չեն եղել բնականոն կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով ու գույքով: Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ, մեկ խցում առկա են եղել արգելված առարկաներ:

    Առանձին խնդիրներ կապված են եղել պահվող անձանց կողմից հեռախոսակապից օգտվելու, կալանավորված անձանց և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների զբոսանքի կազմակերպման ընթացակարգերի պահպանման հետ:

    Պահվող անձանց անձնական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործության համար դատապարտված ոչ բոլոր անձինք են հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ, ինչն անհրաժեշտ է  նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանելու համար:

    Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք,  հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն ու բնույթին անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:

    Ստուգումների արդյունքները քննարկվել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Փաստվել է որ, թերությունների, խախտումների մի մասը ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել է հենց ստուգման պահին: ՔԿՀ վարչակազմը պարտավորվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ առավել երկարատև ժամանակ պահանջող խախտումների վերացման ուղղությամբ:


    Նման թեմաներ

    scroll to top