Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Միայն Հայկ Մարությանը չէ իր ելույթի մեղավորը

    Միայն Հայկ Մարությանը չէ իր ելույթի մեղավորը

    Միայն Հայկ Մարությանը չէ իր ելույթի մեղավորը
    Սեպտեմբեր 3, 2018 13:06 Լուրեր, Վերլուծական A+ / A-

    Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի երեկվա՝ նախընտրական դրամահավաք-երեկոյի ժամանակ ելույթը քննարկման ու քննադատության լուրջ տեղիք է տվել թե՛ ընդդիմախոսներին, թե՛ հանրության շրջանում։ Երևանի քաղաքապետի՝ իշխանության թեկնածուն նախ հասարակությանը բառի բուն իմաստով բաժանեց սև ու սպիտակ ուժերի, ապա հայտարարեց՝ մեր դեմ խաղ չկա: Նման արտահայտությունը հատուկ էր նախորդ իշխանություններին, եւ այդպիսի վերաբերմունքն էր հանգեցրել թավշյա հեղափոխության։

    Երևան Տոնավաճառ

    ՀՀԿ-ական կարկառուն գործիչներին էլ, որոնք այս օրերին զբաղված են գործող իշխանությանը սեւացնելով, նման առիթ էր պետք: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Մարությանին «գավառական ծաղրածու» անվանեց, մյուսները սկսեցին քննադատել նոր կառավարությանն ու սոցցանցերով բարձրաձայնել, թե տեսեք-տեսեք՝ հասարակության մեջ տարանջատում է մտցվում: Հավատացնում եմ՝ անխոհեմություն է այս  լարված շրջանում հանրապետականներին նման «ճոխ նվեր» տալ:

    Այն միտքը, որը ցանկանում էր ասել Մարությանը, վստահ եմ՝ ընկալելի կլիներ, եթե բառերը ճիշտ ընտրվեին: Եթե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն սեւ ու սպիտակի գունային տարանջատում չաներ, այլ պարզապես  ասեր, որ իրենք բերում են օրենքի գերակայություն, մաքուր են հանրության առաջ, որ նախորդները թալանել են հասարակությանն ու կեղեքել, սա կլիներ միանգամայն ընկալելի և տարընթերցման որևէ տեղիք չէր տա: Մյուս հայտարարության՝ «մեր դեմ խաղ չկա»-ի դեպքում էլ Մարությանը կարող էր ասել, որ օրինական իշխանության և ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող խաղեր տալ:

    Առաջին հայացքից սա Հայկ Մարությանի մեղքն է, քանի որ չի կարողանում մտքերը ճիշտ արտահայտել: Մարությանը շտապել է և խորհուրդ չի հարցրել: Բայց մեղքի իրենց բաժինն ունեն ՔՊ թիմի այն անդամները, որոնք աչքի են անցկացնում ելույթները, ովքեր կամ չեն կարդացել ելույթի տեքստը այն Մարությանին տալուց առաջ, կամ, որ ավելի վատ է, կարդացել են և թողել նույնը: Հուսանք՝ այս թերացումները կլինեն ուսուցողական, և  այսպիսի կիկսերն այլեւս չեն կրկնվի, քանի որ թանկ են նստում իրենց իսկ իմիջի և հեղինակության վրա:

    «Մեր դեմ խաղ չկա»-ն կործանման տանող ամենակարճ ճանապարհն է: Նման հռետորաբանությամբ ՔՊ-ականներն առաջին հերթին վնասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

    Այսպիսի սխալները ազդակ պետք է լինեն նոր իշխանության քարոզչական թիմի համար, և հետագա բոլոր ելույթները «խոշորացույցով ուսումնասիրվեն»։

    Ուշքի գալու, գործելու և զգուշանալու ժամանակն է, քանի որ ամեն օր փոշիացվում է մարդկային և վստահության այն հսկա կապիտալը, որը կար մի քանի ամիս առաջ:

    Հարություն Մկրտչյան

     


    scroll to top