Ուրբաթ , 20 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » Միջազգային դիտորդները փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված. Նալբանդյան

    Միջազգային դիտորդները փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված. Նալբանդյան

    Մայիս 19, 2017 13:05 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    8212_hq.thumb

    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին։

    Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

    Իր ուղերձում նախարարն ասել է.

    «Պարոն նախագահ,
    Պարոն գլխավոր քարտուղար,
    Հարգելի գործընկերներ,

    Հարգելի Իոաննիս, սիրելի բարեկամ, շնորհավորում եմ Նախարարների կոմիտեի հաջող նախագահության կապակցությամբ: Կիպրական նախագահության առաջնայնությունները լավագույնս միտված էին արձագանքելու այն մարտահրավերներին, որոնց այսօր առերեսվում է Եվրոպան:

    Այդ առաջնայնություններից մշակութային ժառանգության պաշտպանությունը հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, ով մշակութային արժեքների հսկայական կորուստներ է կրել իր պատմության ընթացքում և բոլորովին վերջերս` Ադրբեջանում` այդ երկրի կառավարության ձեռքով, և Սիրիայում` ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս առումով մենք ողջունում ենք Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը:

    Կիպրական նախագահության մեկ այլ առաջնահերթություն` Կրթության միջոցով ժողովրդավարության հաստատումը համերաշխ և հանդուրժողական հասարակությունների ստեղծման կարևոր միջոց է։ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում առանցքային դեր է խաղում ժողովուրդների հիշողության իրավունքը, նրանց իրավունքը հիշատակի հարգման, կրթության միջոցով իրազեկելու նախկինում տեղի ունեցած ողբերգությունների մասին։

    Հարգելի գործընկերներ,

    Ողջունելի է, որ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության իրավիճակի» մասին իր տարեկան զեկույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել պոպուլիզմին, ինչը հատկապես վտանգավոր է, երբ զուգորդվում է պետության կողմից սատարվող ատելության քարոզով և այլատյացությամբ: Ազատ մամուլը, մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ են` հաղթահարելու այս երևույթը: Ավելին, «օրենքի գերակայություն» եզրը իրենից ներկայացնում է կոնցեպտ, որը տրամագծորեն հակադրվում է «ուժի գերակայությանը» կամ «ուժի կիրառմանը»:

    Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք կիսելու գլխավոր քարտուղարի մեկ այլ տեսակետ` «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։

    Նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ:

    Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը։

    Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների և անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը:

    Հարգելի գործընկերներ,

    Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը:

    Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունն այս ուղղությամբ:

    Ինչ վերաբերում է վերջերս ԵԽԽՎ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի և կոռուպցիայի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությանը՝ մենք միանում ենք իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին, որպեսզի վերականգնվի այս կազմակերպությանը հասցված վնասը:

    Եվ, վերջում, ցանկանում եմ օգտագործել այս առիթը՝ հաջողություն մաղթելու գալիք՝ Չեխայի նախագահությանը»։

    Նման թեմաներ

    scroll to top