Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Միջազգային մամուլի անդրադարձը Մխիթարյանի փայլուն խաղին

    Միջազգային մամուլի անդրադարձը Մխիթարյանի փայլուն խաղին

    Միջազգային մամուլի անդրադարձը Մխիթարյանի փայլուն խաղին
    Փետրվար 28, 2019 22:10 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց «Բորնմութի» նկատմամբ:

    «Զինագործների» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի ավագի փայլուն խաղը չի վրիպել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնից:

    BBC-ն «Արսենալ»-«Բորնմութ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մխիթարյանին: Պարբերականը 30-ամյա ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ գրել է հետևյալը.

    «Մխիթարյանը սուր էր գործում: Նա «Բորնմութի» համար անընդհատ վտանգ էր ստեղծում, ինչպես 3 օր առաջ «Սաութհեմփթոնի» հետ խաղում: Մխիթարյանը դարձել է «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը, որը 2015 թվականի փետրվարից հետո Պրեմիեր լիգայի երկու խաղում անընդմեջ դառնում է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վերջինը նման արդյուք գրանցել էր Սանտի Կասորլան: Մխիթարյանը ծափահարությունների ներքո փոխարինվեց 64-րդ րոպեին, քանի որ առջևում «Տոտենհեմի» հետ հանդիպումն է»:

    Sky Sports-ը ևս ընդգծում է, որ Մխիթարյանը սրություն էր հաղորդում «Արսենալի» խաղին, սակայն ըստ պարբերականի՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մեսութ Օզիլն է: Sky Sports-ն Օզիլի խաղը գնահատել է 8 միավորով: Նույն գնահատական են ստացել նաև Մխիթարյանը, Կոլաշինացը և Օբամեյանգը:

    Standard-ը գրում է, որ Մխիթարյանը վերգտնում է լավագույն մարզավիճակը.

    «Մխիթարյանն ու Օզիլը վարպետության դաս էին կազմակերպել «Էմիրեյթսում»: Նրանք «զանգվածային անկարգություններ» էին կատարում խաղադաշտում: Հայ ֆուտբոլիստը մրցաշրջանի զգալի հատվածում փորձում էր վերականգնել իր լավագույն մարզավիճակը, բայց «Սաութհեմփթոնի» հետ նախորդ խաղից հետո նա կարողացավ ևս մեկ հիանալի հանդիպում անցկացնել:

    Գոլն ու գոլային փոխանցումները նշանակում են, որ Մխիթարյանը Կասորլայից հետո «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը երկու խաղ անընդմեջ աչքի է ընկնում «գոլ+գոլային փոխանցում» ձևաչափով: Երբեմն «Արսենալի» երկրպագուները քննադատել են Մխիթարյանին, բայց այս անգամ նա 64-րդ րոպեին փոխարինվեց արժանի ծափահարությունների ներքո»:

    Goal.com-ը գրում է, որ Մխիթարյանն ու Օզիլը միավորվել էին, որպեսզի լավ արդյունք ապահովեին «Արսենալի» համար: Կայքը Մխիթարյանին անվանում է «Արսենալի» ազատ գրոհների բանալի և նշում է, որ հայ ֆուտբոլիստը պետք է շարունակի ընդգրկվել մեկնարկային կազմում.

    «Օզիլը, Օբամեյանգը և Կոսյելինին իրենց գոլերով մեծացրին մեկնարկային կազմում ընդգրկվելու հնարավորությունները, իսկ Մխիթարյանն արեց բավարարը մեկնարկային կազմում տեղը պահպանելու համար»,- գրում է պարբերականը:

    Հիշեցնենք, որ Goal.com-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էր Պրեմիեր լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top