Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -2°
    Home » ժամանց » Միշտ չէ, որ «Եվրատեսիլի» արդյունքներին համաձայն եմ (տեսանյութ)

    Միշտ չէ, որ «Եվրատեսիլի» արդյունքներին համաձայն եմ (տեսանյութ)

    Միշտ չէ, որ «Եվրատեսիլի» արդյունքներին համաձայն եմ (տեսանյութ)
    Հունվար 20, 2018 13:30 ժամանց, Լուրեր, Մշակույթ, Շոու-բիզ, Տեսանյութ A+ / A-

    Երգիչ Սեւակ Խանաղյանն այս տարի «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Երգիչն ունկնդիրներին է ներկայացել «Քամի» երգով: Երաժշտության հեղինակը Սեւակ Խանաղյանն է, խոսքի հեղինակը՝ Աննա Դանիելյանն ու Վիկտորյա Մալոյանը: Araratnews.am-ը զրուցեց Սեւակ Խանաղյանի հետ՝ նրա ծրագրերի, «Եվրատեսիլ» մրցույթի մասին:

    Սեւակի՞նչ ծրագրերպլաններ ունեք այս տարի  (նոր տեսահոլովակնոր երգգուցե նոր ալբոմի աշխատանքներ):

    Պլանները շատ են: Եթե կարճ ասեմ, պետք է թողարկեմ  մի քանի տեսահոլովակների ալբոմ, եւ համերգային շրջագայություն:

    Ինչպե՞ս եք ընդհանրապես վերաբերվում «Եվրատեսիլ» մրցույթին: Այն, ըստ ձեզ, օբյեկտիվ չափանիշներո՞վ է անցկացվում:

    Նորմալ եմ  վերաբերվում: Միշտ չէ, որ համաձայն եմ  մրցույթի արդյունքներին: Բայց դա նորմալ է: Ի վերջո, ճաշակին ընկեր չկա: Մրցույթի արդյունքներն էլ նշանակում են ՝ մեծամասնությանը դուր  է գալիս նման երաժշտություն:

    Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը՝ նախորդ մասնակցի՝ Արծվիկի փորձը հաշվի առնելով:

    Կարծում եմ՝ շանսերը լավ են: Ի վերջո, եթե չես հավատում ինքդ քեզ, ինչ  էլ անես՝ ոչ ոք քեզ չի հավատա:

    «Եվրատեսիլում» հաղթելու ցանկությունը Հայաստանում մեծ է: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ մինչ օրս Հայաստանը չի հաղթում մրցույթում: Մեր լավագույն արդյունքն առայժմ 4-րդ հորիզոնականն է:

    Մենք միշտ փորձել ենք ամեն ինչ անել եվրոպացիների համար՝ նրանց դուր գալու  համար: Մենք շատ ենք փորձել նրանց գոհացնել: Կարծում եմ՝ դրա կարիքը չկա: Անձամբ ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր փորձում են ինձ ամեն կերպ գոհացնել: Ես սիրում եմ սեփական տեսակետը ունեցող մարդկանց: Կարծում եմ՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում ձեւաչափ չկա: Կարող եմ շատ օրինակներ բերել, թե որքան տարբեր երգեր են հաղթել «Եվրատեսիլում»: Հիմնականում հաղթել է այն երգը, որը տարբերվել է մյուսներից: Կարծում եմ՝ պետք է հայկական երգով  մասնակցել «Եվրատեսիլին» (դա ամենաքիչը կառանձնացնի մեզ ուրիշներից), ցույց տալ մեր գեղեցիկ լեզուն:  Կարիք չկա անհանգստանալու, որ լեզուն չեն հասկանա: Ես չգիտեմ իտալերեն, բայց երբ իտալերենով լսում եմ մի գեղեցիկ, համոզիչ պատմություն, հավատում եմ: Անհրաժեշտ է զարմացնել ոչ միայն երգով, հայոց լեզվով, շոուով, այլեւ երգի կատարման ազնվությամբ: 3 րոպեի ընթացքում հյուսել քո պատմությունը եւ ստանալ ամեն ինչ:

    Ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում «Եվրատեսիլին» հայտ ներկայացրածներից:

    Ես մրցում եմ ինքս ինձ հետ:

    Մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում եք աշխատում: Հեշտ է աշխատել Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի շոու բիզնեսում:

    Ես հասարակ երաժիշտ եմ:  Անկեղծորեն  զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով: Հետեւաբար, կարեւոր չէ, թե որտեղ եմ այն անում:

    Հայկական շոու բիզնեսի որակն ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

    Կան շատ տաղանդավոր երաժիշտներ եւ երգիչներ, որոնք շոու բիզնեսի հետ կապ չունեն: Նրանք ընդհատակում են (ժպտում է.-հեղ.): Սակայն ունենք տաղանդավոր և լավ երաժիշտներ, երգիչներ:  Կա երաժշտություն, որ չեմ կարող լսել: Իսկ այդպիսի երաժշտությունը լայն տարածված է, ցավոք:

    Մի առիթով ասել եք՝ մի օր վերջնականապես կապրեմ Հայաստանում: Արդյոք մո՞տ է ժամանակը: Այս տարի դա կլինի՞:

    Ես ասել եմ, որ գուցե մի օր տեղափոխվեմ, սակայն դեռ չեմ տեղափոխվել: Իմաստ էլ չկա, քանի որ մշտապես Հայաստանում եմ, որն ինձ շատ է ուրախացնում:

    Եթե լինեիք Հայաստանի առաջին դեմքը, ի՞նչը կփոխեիք Հայաստանում:

    Անկեղծ  ասած՝ չգիտեմ: Ես այն խելացի մարդկանցից չեմ, ովքեր գոռում են, թե գիտեն ինչ անել: Ես այնքան հեռու եմ նման բաներից: Բայց  հասկանում եմ, որ ամեն ինչ չէ,  որ այնքան պարզ է, որքան թվում է: Ամեն մեկը չի կարող իր երկրի համար որոշում կայացնել:

    Սոնա Դավթյան

     

    scroll to top