Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՄԻԵԴ-ի վճիռներից հետո դատավորները պետք է հրաժարական տան. վարչապետ

    ՄԻԵԴ-ի վճիռներից հետո դատավորները պետք է հրաժարական տան. վարչապետ

    ՄԻԵԴ-ի վճիռներից հետո դատավորները պետք է հրաժարական  տան. վարչապետ
    Մայիս 20, 2019 12:24 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում այսօր խոսեց դատական համակարգի մասին: Նա հիշեցրեց, որ երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող գործադիր եւ օրենսդիր իշխանություն: «Սակայն չի եղել եւ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն, որն էլ շարունակաբար ալեկոծություն է առաջացնում մեր հանրության շրջանում: Չեմ կարող եւ չեմ ուզում դատողություններ անել դատական համակարգում կայացվող որոշումների  հիմնավորվածության մասին, քանի որ այն իմ  լիազորություններից դուրս է: Չնայած անհնար է դատարանի որոշումները նույն արշինով չափել եւ գնահատական տալ»,- ասաց վարչապետը:

    Վարչապետն ասաց, որ դատարանի որոշումները վստահելի չեն հանրության համար: «Եւ սրա մասին խոսում է որպես ՀՀ քաղաքացի, որն ունի քաղաքական իրավունք՝ ժողովրդից անունից խոսելու»,- ասաց կառավարության ղեկավարը:

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդը, դատական համակարգն ընկալում է  կոռումպացված համակարգի մնացուկ, դավադրություններ նախագծող կառույց  ընդդեմ ժողովրդի: «Որքանով է այն հիմնավորված, դա այլ խնդիր: Սակայն ցավոք չեմ կարող երաշխավորել, որ դատարանը չի ենթարկվում ստվերային եւ ապօրինի ազդեցության նախկին կոռուպցիոն համակարգի կողմից: Որքանով կարող ենք վստահ լինել, որ նույն դատական համակարգն օբյեկտիվ կքննի Մարտի մեկի գործը, երբ գործադիր իշխանության ապօրինի որոշումներ կյանքի են կոչվել  հենց դատական գործող համակարգի միջոցով: Դա հիմա երեւում է ՄԻԵԴ-ի որոշումներով»,- մանրամասնեց վարչապետը:

    Վարչապետը հայտարարեց, որ դատական անվստահելի համակարգը խոչընդոտում է նաև ներդրումներին: «Եկել է դատական համակարգում վիրահատություններ անելու ժամանակը: Այդ գործընթացն արվելու է այսպես: Առաջին՝  բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, այսինքն՝ հանրությունը պետք է իմանա  ամբողջական տեղեկություն ունենա  դատավորի քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, նախկինում ծավալած գործունեության մասին: Երկրորդ՝ ՄԻԵԴ-ով հաստատված  մարդու իրավունքները կոպիտ խախտումները հաստատված վճիռների դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Երրորդ՝  բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն  չեն կարող լինել անաչառ ու օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ կարևոր ծառայություն մատուցելով: չորրորդ՝ Անցումային արդարադատությունը  կենսական անհրաժեշտություն է ՀՀ-ի համար: Հինգերորդ՝  ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար, եթե անհրաժեշտ լինի իրականացնել  սահմանադրական փոփոխություններով,  հանրաքվեով, պետք է գնանք լուծումների: Այս աշխատանքը պետք է լինի միջազգային լավագույն փորձի, պարտավորությունների շրջանակներում»,- ասաց վարչապետը:

     

     

     

     


    scroll to top