Գլխավոր Լուրեր Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը գույքը օտարելու մասին որեւէ ցուցում չի ստացել

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը գույքը օտարելու մասին որեւէ ցուցում չի ստացել

6
0

Իր գույքը օտարելու մասին որեւէ ցուցում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը չի ստացել: Այս մասին հայտարարություն է տարածել վարժարանի ղեկավարությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ եւ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վարժարանի ղեկավարության հետ նման որեւէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել:

Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որեւէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը։ Վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական եւ մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով եւ արգելագոտիներով: Որեւէ շքեղություն կամ ռազմական ուսումնական հաստատությանը ոչ հարիր երեւույթ տեղ չունի մեր դարպասներից ներս:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարժարանի կազմակերպաիրավական ձեւը հիմնադրամ է, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության կողմից: Բարձրագույն ղեկավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն էլի պաշտոնե գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը: Որեւէ ցուցում կամ կարգադրություն նախարարի կամ խորհրդի կողմից գույքը օտարելու վերաբերյալ առ այսօր վարժարանի ղեկավարությունը չի ստացել:

Վարժարանը մնում է հավատարիմ իր արժեքներին՝ գրագետ ու հմուտ ապագա զինվորականներ նախապատրաստելու դժվարին գործն անխոնջ կատարելով։ Զգալի է վարժարանի ներդրումը մեր զինված ուժերի գործունեության մեջ, եւ հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում կառույցն արձանագրում է միայն նվաճումներ։ Տարեցտարի ավելանում է դիմորդների քանակն ու  բարձրանում է ընդունելության շեմը, վարժարանն աչքի է ընկնում իր սաների առաջադիմությամբ միջազգային ստուգատեսերում։

Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես,  երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին»:

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել էր հայտնել, որ օտարում են վարժարանի գույքը։