Գլխավոր Լուրեր Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմել (տեսանյութ)

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմել (տեսանյութ)

8
0

Մոսկվա-Երևան չվերթն ընդհատած ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվել օդանավում, երբ ծուխը սկսել է սրահ լցվել։

«Մեկնում էինք Երևան, ինքնաթիռը սկսեց թափ հավաքել, սրահը ծխով լցվեց, շատ ուժեղ ծուխ լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, ճչալ։ Կեցցե օդաչուն, որ արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը, հետո բացվեցին փրկարարական մուտքերն ու բոլորին տարհանեցին, հրշեջները ժամանակին հասան, մեզ հետ տարան օդանավակայան, կերակրեցին, ջուր տվեցին: Հիմա երկրորդ անգամ կփորձենք թռչել»,- պատմում է ուղևորը։

Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 օդանավում ծուխ է առաջացել, ուղևորներին տարհանել են: Արդյունքում 2 ուղևոր հոսպիտալացվել է:

«Շերեմետևո» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Զախարենկոն նշել է, որ օդանավակայանի և ավիաընկերության ծառայություններն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել ուղևորներին. նրանց տերմինալ են հասցրել, տաք սնունդ մատակարարել, տեղափոխել ուղեբեռն ու վերաձևակերպել չվերթը:

Օդանավի անձնակազմը չվերթը դադարեցրել է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա, երբ սրահում ծուխ է առաջացել: Օդանավում հրդեհ չի բռնկվել: Օդանավում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել: Տարհանման ժամանակ 8 ուղևոր է տուժել: Ավելի ուշ ուղևորները Երևան են հասել պահուստային օդանավով, 28 մարդ, սակայն, հրաժարվել է թռիչքից: «Ռոսավիացիան» հանձնաժողով է ստեղծել՝ միջադեպը հետաքննելու համար: Միաժամանակ, Մոսկվայի տրանսպորտային դատախազությունն ու Քննչական կոմիտեն ստուգումներ են սկսել «Շերեմետևո»-ում: